Բաժիններ՝

Տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով այսօր Շոշ գյուղում ճանապարհ են փակել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ փակել էին Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ասկերանի շրջանի Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը նշել է, որ պատճառը եղել է մի քանի օր առաջ իր համագյուղացի Սողոմոն Մելքոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը:

«Ես դեպքի վայրում չեմ եղել: Բայց ըստ պատմածի, Սողոմոն Մելքոնյանին ծեծի են ենթարկել մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկը եղել է Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի որդին: Ներկայումս ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով»,-ասել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ, ի նշան բողոքի, մի խումբ երիտասարդներ և համագյուղացիներ այսօր մոտ կես ժամով փակել էին Ստեփանակերտ-Հադրութ մայրուղու Շոշի հատվածը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ցուցարարների հետ բանակցել են ոստիկանության աշխատակիցները, ինչի  արդյունքում   և այն բացվել է:

Մեզ հետ հեռախոսազրույցում Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանը հաստատեց   այն   իրողությունը, որ տեղի  ունեցած  ծեծկռտուքին  մասնակցել է նաև իր որդին, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդելուց՝ նշելով, որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:

Իսկ տուժող կողմ հանդիսացող Սողոմոն Մելքոնյանը մեզ հետ հեռախոսացրույցում հրաժարվեց միջադեպի հետ կապված մանրամասներ հաղորդել՝ պատճառաբանելով, որ թեմայի մասին կխոսի ավելի ուշ՝ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս