
«Կա քաղաքական ճգնաժամ». Արտակ Զեյնալյան

Այս ընտրություններով որոշակիորեն նշմարվելու են քաղաքական պատկերը, տրամադրություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է «Լույս» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության շուրջ կեսը և շատ բնական է, որ այստեղ փորձարկվելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները», – նշեց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է քաղաքական ճգնաժամ։
«Կա քաղաքական ճգնաժամ, որովհետև Ազգային ժողովը չի արտահայտում ժողովրդի կամքը, կառավարությունը՝ արտահայտում է։ Այնինչ, գործադիր մարմինը պետք է ընտրվի ժողովրդի վստահությունը վայելող օրենսդիր մարմնի կողմից։ Մենք ևս մեկ անգամ հաստատում և պնդում ենք, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – ասաց Ա. Զեյնալյանը։