«Հնարավոր է լինելու՝ առանց մեկ լումա ներդնելու, ամսական վճարելով 150 դոլար՝ ստանալ 60-70 քմ բնակարան Երևանում». Նաիրա Զոհրաբյան

«Քարոզարշավում ավելի պասիվ վիճակում գտնվեց ծրագրային պայքարը։ Սեպտեմբերի 23-ը կանցնի, ոչ ոք չի հիշի, թե ինչ է ասվել այս օրերին, և երևանցին կմնա իր խնդիրների հետ։ Դրա համար մեր կուսակցության ծրագրային առավելությունը նաև այն է, որ բացի այն, որ ծրագիր է գրվել, մենք նաև ասել ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու ռեալ հնարավորություն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային փաթեթները:

Առաջին ծրագիրը, ըստ Մելքումյանի՝ աղբահանության և աղբավերամշակման համալիր ծրագիրն է. «Մենք այսօր ունենք խայտառակ վիճակ, «Սանիտեքի»՝ որպես օպերատորի մասնակցություն, որը բարձիթողի վիճակում է։ Աղբավայրերում աղբն այնքան շատ է, որ դրանք վերածվել են հանքավայրերի, ինչը խայտառակություն է։ Մենք առաջարկում ենք ներդրումային ծրագիր, որի դեպքում ներդրողը պատրաստ է 90 մլն դոլար ներդնել՝ մասամբ ներգրավելով նաև Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի միջոցները։ Երևանում այսօր հավաքվում է տարեկան 500-550 հազար տոննա կենցաղային թափոն, ինչը լիովին բավարար է, որ այդ խոշոր նախագիծն աշխատի, որպեսզի ոչ միայն այդ մեթանի արտանետումը կանխվի, այլև դրանից ստացվի էներգիա։ Երևանյան աղբն իր կառուցվածքով ավելի բարձր օրգանական կշիռ ունի, այսինքն՝ դրանից լավ պարարտանյութ է ստացվում»։

Մյուս ծրագիրը, պատգամավորի խոսքով՝ կապված է տրանսպորտային համակարգի հետ. «Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման բանալին էկոլոգիապես գերժամանակակից տրանսպորտային համակարգ ունենալն է։ Այսինքն՝ նորից բերել ու ներդնել գազով կամ դիզվառելիքով աշխատող ավտոբուսները, նշանակում է՝ ոչ մի բանի մեջ ներդրում չանել։ Այսօր ունենք շուրջ 1450 միկրոավտոբուս, որը սպասարկում է մոտ 69 գծատերի ընկերություն, և ունենք 600-ից ավելի միջին տարողության ավտոբուս։ Լուծման բանալին խոշոր ուղևորատար ավտոբուսների ներմուծումն է, հստակ կանգառներ ու ժամանակացույց պետք է լինի, սակավ շարժունակություն ունեցող քաղաքացիների համար հատուկ կահավորված վերելակներով են այդ ավտոբուսները։ Մեկ ժամ տոմսն ունի մեջ է լինելու, որ մի տրանսպորտային միջոցից տեղափոխվես մյուսը»։

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծեց, որ ներդրումային փաթեթներն ամբողջապես բանակցված են. «Այս ամենը ենթադրելու է նաև տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծում։ Մինչև երևանցու սոցիալական խնդիրները չլուծվեն, պաթետիկ հայտարարությունները մնալու են հռետորաբանության ժանրի գոհարներ։ Հնարավոր է լինելու՝ առանց մեկ լումա ներդնելու, 30 տարի մարման ժամկետով, ամսական վճարելով ընդամենը 150 դոլար՝ ստանալ 60-70 քմ ամբողջապես վերանորոգված բնակարան Երևանում»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս