
Մահացել է բալետի ամերիկացի արտիստ Արթուր Միթչելը

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է բալետի ամերիկացի արտիստ եւ խորեոգրաֆ Արթուր Միթչելը: Այդ մասին հաղորդվում է Հառլեմի պարի թատրոնի Facebook-յան էջում:
«Մենք խորը վշտով ձեզ հայտնում ենք, որ մեր թատրոնը հիմնած գեղարվեստական ղեկավարը՝ մեծն Արթուր Միթչելը, հեռացել է կյանքից»,-ասված է հաղորդագրության մեջ:
The Washington Post թերթի տվյալներով՝ խորեոգրաֆը սեպտեմբերի 19-ին մահացել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Արտիստի զարմուհու խոսքով՝ նրա մահվան պատճառը դարձել է երիկամների անբավարարությունը:
Արթուր Միթչելը դարձել է ամերիկյան խոշորագույն բալետային խմբի՝ «Նյու Յորք Սիթի բալետ»-ի առաջին սեւամորթ մենակատարը: 1969 թվականին Քարել Շուքի հետ միասին նա հիմնադրել է Հառլեմի պարի թատրոնը եւ դարձել նրա գեղարվեստական ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: