Բաժիններ՝

Ասադը Պուտինին ցավակցություն է հայտնել Իլ-20-ի կործանման կապակցությամբ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել սեպտեմբերի 17-ին Սիրիայի ափերի մոտ Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին:

Ցավակցական հեռագիրը հրապարակել է SANA գործակալությունը: «Իմ անունից եւ Սիրիայի ժողովրդի անունից խորը ցավակցություն եմ հայտնում անձամբ Ձեզ եւ Ռուսաստանի բարեկամ ողջ ժողովրդին Միջերկրական ծովի վրա Իլ-20 ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետեւանքով զոհվեցին ռուս հերոս զինվորականները»,- ասված է Ասադի ուղերձում:

«Այդ ողբերգական միջադեպը դարձավ Իսրայելի ամբարտավանության ու սանձարձակության արդյունքը, որը միշտ էլ ամենակեղտոտ միջոցներն էր օգտագործում իր ստոր նպատակներին հասնելու եւ մեր տարածաշրջանում ագրեսիայի համար,- նշվում է Սիրիայի ղեկավարի նամակում: -Մենք վստահ ենք, որ նման ողբերգական իրադարձությունները չեն ստիպի մեզ ու ձեզ հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարը շարունակելուց»:

Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով: ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց:

Իսրայելի պաշտպանության բանակում ափսոսանք են հայտնել, որ Իլ-20 ռուսական ռազմական ինքնաթիռը սիրիական ՀՕՊ-ի համակարգերով խոցվել է Միջերկրական ծովի վրա, բայց նշում են, որ իսրայելական կողմը միջադեպի համար պատասխանատվությունը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա:

«Իսրայելն ամբողջությամբ միջադեպի պատասխանատվությունը դնում է Բաշար Ասադի ռեժիմի վրա, որի բանակը խոցել է ռուսական ինքնաթիռը: Իսրայելը նաեւ Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին է մեղսակից համարում պատահական միջադեպին»,- նշել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները եւ հավելել, որ պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել Իլ-20-ի խոցման միջադեպի շուրջ եւ Մոսկվային տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս