«Քարոզարշավը վատ մթնոլորտ է տեղափոխվում». Միքայել Մանուկյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց ծրագրի վրա աշխատել են արհեստավարժ մասնագետներ տարբեր ոլորտներից.

«Մեր ծրագրի վրա աշխատել են արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներից: Բոլոր ուղղություններով կան հաշվարկներ՝ և՛ կանաչապատման մասով, և՛ տրանսպորտի մասով: Կան նաև բանակցություններ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ»:

Միքայել Մանուկյանը նշել է նաև, որ իրենց ծրագրում կա կետ՝ երկու կայարանների կառուցման մասին.

«Երկու կայարանների մասին ենք մտածում: Մեկը Աջափնյակ շրջանում, որտեղ արդեն ինչ-որ բան արված է: Վերջիվերջո, այդտեղ նաև գումարներ են ծախսված, և եղածը չփոշիացնելու համար պարտադիր պետք է շարունակել աշխատանքները: Մտածում ենք նաև օդանավակայանում ունենալ մետրոյի կայարան, որը շատ հարմար է վերգետնյա ճանապարհով, որն այդքան էլ թանկ արժողություն չի ունենա և հաշվարկները կան, մասնագետներն աշխատել են այդ ուղղությամբ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունները և թե ինչպես են դրանք ազդում քարոզարշավի մթնոլորտի վրա, Մ.Մանուկյանը պատասխանել է.

«Քարոզարշավը վատ մթնոլորտ է տեղափոխվում, դա անթույլատրելի է: Այստեղ մենք խոսում ենք մեր քաղաքացիների մասին, նույնիսկ այն քաղաքացիների, ում փորձում ենք գետնին պառկացնել: Էլի եմ ասում՝ կարևորը մեր քաղաքացին է: Ծրագրերն իրականացվելու են մի քիչ ուշ, մի քիչ ավելի շուտ, բայց քաղաքացին է կարևորը, քաղաքացու զգացումն է՝ իր քաղաքում ապահով ապրելու: Նորից պիտի ասեմ՝ աշխատող մարդը, արարող մարդը Երևանում պիտի իրեն լավ զգա և լավ ապրի»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ ՀՅԴ-ն լքում է ազգային համաձայնության կառավարությունը, Մանուկյանը նշեց, որ «օրակարգում նման բան չկա, չի եղել, չի խոսվել դրա մասին»:

Տեսանյութը՝ factor.am-ի

Տեսանյութեր

Լրահոս