Բաժիններ՝

Իրանը ողջունում է ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնությունը Իդլիբի վերաբերյալ

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրը Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրության վերաբերյալ, որն ստորագրվել է Սոչիում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Համաձայնությունը, որը հայտարարվել է Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման արդյունքներով,կարեւոր քայլ է դարձել Իդլիբում մնացած ահաբեկչական խմբերի հարցի լուծման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է երկրի ԱԳ նախարարության կայքում: Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ վերջին մի քանի շաբաթների ինտենսիվ բանակցություններն օգնեցին կանխել ռազմական գործողությունը Իդլիբում: «Դիվանագիտությունն ախատում է»,- գրել է Զարիֆը Twitter-ում:

Ավելի վաղ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո հայտարարել են Իդլիբի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման մտադրության մասին: Դա արվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Ռուսաստանի նախագահը, պատմելով Էրդողանի հետ ձեռք բերված համաձայնության մասին, պարզաբանել է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը նախատեսված է այդ գոտուց ընդդիմադիր խմբավորումների ամբողջ ծանր սպառազինության դուրսբերումը: Այդ գոտին պարեկելու են թուրք զինվորականներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ առաջիկա ժամերին բուֆերային գոտու վերաբերյալ որոշումը կհամաձայնեցվի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս