
Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում

Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության ներկայացուցիչները։
«Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:
Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից:
Խուզարկության ժամանակ փնտրում էին հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու և դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, հիշողության սարքեր և կրիչներ, համակարգիչներ և ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման և ձայնագրման մասին՝ որևէ կերպ ապօրինի միջամտելու միջոցով:
Առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ», – նշված է «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հաղորդագրության մեջ: