«Ազգային արխիվը մեր քաղաքական և պետական մարմիններից մեկն է». Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ
Հայաստանի ազգային արխիվը շատ կարևոր կառույց է: Յուրաքանչյուր փաստաթղթի հետևում կանգնած են մարդիկ, պատմություններ:
Այս մասին Հայաստանի ազգային արխիվում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ արխիվում պահվող փաստաթղթերը շատ հաճախ խոսում են այն բաների մասին, որ իրենք գրողները չեն կարողացել խոսել: «Այստեղ ինձ փաստաթուղթ ցույց տվեցին Ստալինի կարմիր մատիտով ստորագրությամբ, որը ճանապարհ է բացել Հայաստանում 1937 թվականին ռեպրեսիաների համար: Պատկերացրեք՝ դրա հետևում ինչքան մարդկային զոհեր և դժբախտություններ են կանգնած: Պատմությունը մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, և եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, պետք է գիտակցենք, թե որն է եղել մեր անցյալը, ով ենք մենք»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինքը միշտ գնահատել է փաստաթղթերը, որոնք մեր ինքնությունն ու արժեքներն են գնահատում: «Հայաստանը կարիք ունի, որ այս ինստիտուտը ոչ միայն լինի, շարունակի փաստաթղթեր հավաքել, այլև ապրի: Այս ինստիտուտը մեր քաղաքական և պետական մարմիններից մեկն է»,-հավելեց նախագահը:
Նա ուրախությամբ հիշեց, որ տասը տարի առաջ փաստաթղթերը թվայնացնելու սարք էր նվիրել արխիվին, ինչից շատ էր ուրախացել: