Ռիմա Կազումյան. EMPORIO ARMANI-ի միակ հայուհին
Համաշխարհային EMPORIO ARMANI բրենդի տղամարդկանց շարքի առաջատար դիզայներ Ռիմա Կազումյանը ծնվել է Երևանում ու վաղ հասակից մոտ է եղել նորաձևության աշխարհին:
Հայրական կողմից տատիկը՝ Ռիմա Օգանեզովան, եղել է Հայաստանի հագուստի մոդելի տան հիմնադիրն ու անփոխարինելի ղեկավարը: Նրան դեռևս այն տարիներին անվանում էին «Հայաստանի Դիոր»:
Առանձնահատուկ տաղանդով աչքի էր ընկնում Ռիմայի մայրը՝ աքսեսուարների դիզայներ Ինգա Կազումյանը:
Ներկայումս նրա բրենդի աքսեսուարները վաճառվում են աշխարհի խոշորագույն քաղաքներում:
Ռիմա Կազումյանը սկսել է բավական վաղ հասակից զբաղվել ստեղծագործությամբ: 11 տարեկանում աղջիկը սկսել է նկարչական կուրսեր անցնել «Ատեքս» նորաձևության կենտրոնում, այնուհետև ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան:
Ռիման հետո ուղևորվել է արտերկիր՝ կրթություն ստանալու: Լոնդոնում Ռիման ընդունվել է դիզայներական արվեստի լավագույն ինստիտուտներից մեկը՝ Saint Martins-ը, այնուհետ սովորել Ֆլորենցիայի Accademia Arte&Moda-ում և Միլանի Istituto Marangoni-ում:
Իտալիայում Ռիման հնարավորություն է ստացել մասնակցել լավագույն ուսանողների մրցույթին, որտեղ նրան նկատել են ու հրավիրել Frankie Morello ընկերություն՝ ստաժորություն անելու, այնուհետ Emporio Armani, որտեղ Ռիմա Կազումյանը շնորհիվ իր տաղանդի ու ոճի զգացողության կարճ ժամանակահատվածում դարձել է տղամարդկանց շարքի առաջատար դիզայները:
Ներկայումս Ռիման բնակվում է Միլանում, իսկ արձակուրդները նախընտրում է անցկացնել Երևանում:
Ջորջիո Արմանիի ընկերությունում Կազումյանը միակ հայուհին է: