
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին:
Նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարի իրականացման համար նախապատրաստությանը վերաբերող տարբեր հարցերի:
Նիստի օրակարգում էին տիեզերական ոլորտում ուսումնասիրությունների, հարկային վարչարարության շրջանակներում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և մի շարք այլ բնագավառներում ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործունեության վերաբերյալ փաստաթղթերի նախագծերի քննարկումը:
Մասնակիցներին ներկայացվել է գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համագործակցության հարցերով միջպետական խորհրդի գործունեությունը:
Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում ազգային առևտրացուցահանդեսային կենտրոնների ստեղծմանն ու գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են նաև մի շարք ֆինանսական և կազմակերպչական հարցեր: