
«Սա միայն ավելորդ անգամ Մոսկվային ի նշան հրաժեշտի ձեռքով անելու մտադրություն չէ». Պորոշենկո

Նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրել է, որ Ուկրաինան վերջնականապես ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ուղեգիծ է բռնել։ Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» համաժողովում, որն ընթանում է Կիեւում, նա հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովից հետո «Ուկրաինայի զարգացման ռուսաստանյան վեկտորը վերջնականապես մոռացված է»:
«Սա միայն ավելորդ անգամ Մոսկվային ի նշան հրաժեշտի ձեռքով անելու մտադրություն չէ: Սա մեսիջ է նաեւ մեր արեւմտյան գործընկերներին»,-ասել է նախագահը: Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան արդեն «հաղթել է Ռուսաստանին», քանի որ կարողացել է բռնել արեւմտյան ուղեգիծը, չնայած Կրեմլի բազմամյա դիմադրությանը:
Ուկրաինայի նախագահն արդեն Գերագույն ռադայում գրանցել է Սահմանադրության այն փոփոխությունների նախագիծը, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Ուկրաինայի ինտեգրվելուն:
Բացի այդ, Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է մինչեւ սեպտեմբերի 30-ը Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության վերաբերյալ պայմանագրի գործողության դադարեցման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: