«Արևմուտքը, հնարավոր է՝ ոչ թե մարդասիրական որակի Հայաստանի այս քայլը, այլ՝ քաղաքական». վերլուծաբան

««Մարդասիրական» որակումը հայկական կողմին չի ապահովագրում հնարավոր վտանգներից, որոնք կարող է ունենալ այս նախագիծը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի փորձագետ Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Սիրիայում հայ-ռուսական հումանիտար ծրագրին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցի շրջանակում բացահայտեց, որ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։ Նրա որակմամբ, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։ Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։ «Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասել է վարչապետը։ Փաշինյանն ընդգծել է` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։

Փոլ Սթրոնսկին արձանագրում է, որ Ռուսաստանը վերջին տարիներին բազմիցս է փորձել աջակիցներ գտնել Սիրիայում իր քաղաքականության համար, որը Արևմուտք-Ռուսաստան առճակատման կարևորագույն թեմաներից մեկն էր վերջին շրջանում: Այն երկրները, որոնք, ըստ Սթրոնսկու, անմիջական շահեր ու հետաքրքրություններ ունեն Սիրիայում, համագործակցել են Ռուսաստանի հետ կամ «կանգնել» Ռուսաստանի դեմ, խոսքը հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների և հարևանության, ինչպես նաև Արևմուտքի մասին է:

Ամերիկացի վերլուծաբանի խոսքով, Հայաստանն ունեցել է մեծ հայ համայնք Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, որի մեծ մասը լքել է Սիրիան պատերազմի տարիների ընթացքում, թեև, ինչպես հայտնի է, ստացել է օգնություն Հայաստանից՝ թե սննդի և այլ օգնությունների տեսքով, թե Հայաստանում կյանքը շարունակելու առումով:

«Ըստ էության, Հայաստանի դերակատարությունը սահմանափակվել է սրանով` բացառապես մարդասիրական նկատառումներով, քանի որ այս հակամարտությունում միջամտությունը վտանգավոր է այն առումով, որ Հայաստանը կարող է ինչ-որ երկրի համար դառնալ աջակից, իսկ ինչ-որ երկրի համար` հակառակորդ կողմ: Սրանից, հասկանալի պատճառներով, հայկական կողմը խուսափել է, փորձելով պահպանել չեզոքությունը: Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու մղումը և ցանկությունը կարող է արդարացված լինել, հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը, սակայն «մարդասիրական» որակումը հայկական կողմին չի ապահովագրում հնարավոր վտանգներից, որոնք կարող է ունենալ այս նախագիծը, որն իրականացվելու է ռուսական ուժերի հետ համատեղ:

Չնայած այստեղ նկատելի տարանջատում կար, որ հայկական ուժերը Սիրիա են մեկնելու հայկական դրոշով: Վտանգները վերաբերում են՝ ինչպես բուն Սիրիայում ներգրավված ահաբեկչական ուժերին, թե դրանում հետաքրքրություններ ու շահեր ունեցող արտաքին ուժերին, ինչպես նաև՝ Արևմուտքին:

Ըստ իս, Արևմուտքը, հնարավոր է՝ ոչ թե մարդասիրական որակի Հայաստանի այս քայլը, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը պատրաստվում է ծրագիր իրականացնել աշխարհի ամենաանկայուն երկրում ներկայումս, որտեղ առճակատվում են Ռուսաստանը և Արևմուտքը: Ավելին, ծրագիրն իրականացնում է Ռուսաստանի հետ համատեղ: Կարծում եմ` ՀՀ իշխանությունները շատ լավ հաշվարկել են, որ այս ծրագիրը կարող է ունենալ հետևանքներ ՀՀ-Արևմուտք հարաբերությունների վրա: Գուցե չլինեն հետևանքներ, և արևմտյան երկրները հասկանան, որ սա բացառապես մարդասիրական ծրագիր է, չունի ռազմական բաղադրիչ, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում՝ վտանգներից խուսափելու համար:

Կարծում եմ` կա վտանգի գիտակցումը, քանի որ իշխանությունները նշում են, որ նման ծրագրերում ներգրավվելու են այլ երկրներում ևս, փորձելու են Սիրիայում ևս այլ երկրների ներգրավել նման ծրագրում: ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այս ծրագիրն իրականացնում են սեփական նախաձեռնությամբ, և ոչ՝ Ռուսաստանի պահանջով կամ խնդրանքով: Ես չեմ բացառում, որ սա հենց ռուսական նախաձեռնություն է, որից ՀՀ նոր իշխանությունները չեն կարողացել հրաժարվել կամ դա արել են հայ-ռուսական հարաբերությունները ջերմացնելու նպատակով, քանի որ դրանցում խնդրահարույց թեմաներ էին ի հայտ եկել»,- նման տեսակետ հայտնեց ամերիկացի վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս