Փորկապություն, ճնշման բարձրացում, մկանային սպազմ… նշաններ, որ օրգանիզմին չի բավարարում այս հանքանյութը
Եթե անընդհատ շոկոլադ ուտելու ցանկություն ունեք, անհանգստացնում են մկանային սպազմերը, քնի հետ կապված խնդիրները, ամենայն հավանականությամբ, օրգանիզմին չի բավականացնում այս հանքանյութի մակարդակը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս հանքանյութն օրգանիզմում մի շարք գործառույթների է մասնակցում, անհրաժեշտ է դրա նորմալ աշխատանքի համար:
Մագնիումի մակարդակն օրգանիզմին սովորաբար չի բավարարում թերի սնուցման պատճառով: Դրա վրա կարող են ազդել նաև նյութափոխանակության հետ կապված և այլ առողջական խնդիրներ: Կայքի հաղորդմամբ՝ օրգանիզմում նկատվում են հետևյալ նշանները, երբ մագնիումի մակարդակը նորմայից ցածր է:
Ջղաձգումներ, մկանային սպազմեր, որոնք հատկապես նկատվում են գիշերային ժամերին: Մկանային սպազմերից ազատվելու համար հարկավոր է կարգավորել մագնիումի մակարդակն օրգանիզմում:
Քնի հետ կապված խնդիրներ: Շատերն են բողոքում քնի հետ կապված խնդիրներից: Քանի որ մագնիումը կարևոր նշանակություն ունի կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար, դրա անբավարար մակարդակը կարող է անքնության, քնի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:
Շոկոլադ ուտելու անհագ ցանկություն: Դառը շոկոլադը հարուստ է մագնիումով: Դա է պատճառը, որ այս հանքային նյութի անբավարար մակարդակի դեպքում կարող եք շոկոլադ ուտելու ցանկություն ունենալ:
Անհանգստություն: Մագնիումն օգնում է հանգստանալ, թուլանալ: Անհանգստության զգացումը կարող է վկայել այն մասին, որ մագնիումի մակարդակը նորմայից ցածր է. այս հանքանյութի անբավարարությունն ազդում է նյարդային համակարգի վրա:
Փորկապություն: Քրոնիկական փորկապությունը ևս կարող է այս խնդրի հետևանք լինել:
Առիթմիա: Մագնիումն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Երբ մագնիումի մակարդակը չի բավարարում, սիրտը դժվարությամբ է կատարում աշխատանքը, ինչի արդյունքում կարող է առիթմիա նկատվել:
Զարկերակային բարձր ճնշում: Մագնիումն օգնում է արյունատար անոթների թուլացմանը: Դրա մակարդակի նվազումը կարող է զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը