«ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձր պաշտոնյաների այսպես կոչված թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին». Փաշինյան
«Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք: Դե հիմա սպասեք»,- այս մասին Դավիթաշենում ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօրվա թոփ թեմային: Նա հիշեցրեց, որ գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը:
«Եվ ես ուզում եմ ասել միանշանակ և աներկբա, որ սա դավադրություն է, հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Եվ ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպողներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռևս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էի, այդ ժամանակ դեռևս թերթում հրապարակել էինք տեղեկություն, որ մեր տեղեկություններով որոշ օլիգարխներ և պետական բարձր պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և ըստ էության պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ:
Եվ ես այսօր ասում եմ պատասխանատու՝ այդ բոլոր «հատուկ ծառայությունները», ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են և ես այստեղից ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձր պաշտոնյաների այսպես կոչված թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին: Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան երկու ժամից լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների մասին»,- ասաց Փաշինյանը:
Ի պատասխան վանկարկումներին, Փաշինյանը պատասխանեց. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակը անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք և բերելու ենք իրենց գողացած ամեն լուման, ամեն կոպել, ամեն դոլար: Բոլոր նրանք, ովքեր սիրո և հանդուրժողական հեղափոխությունը, նրանք, ովքեր մեր ժպիտները, մեր հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ, հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հակահարվածը: Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք: Դե հիմա սպասեք»:
«Ես պահանջում եմ երկու ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը: