Իրանը մտադիր է զարգացնել միջուկային ծրագիրը ԳՀՀԾ-ի չեղարկման դեպքում
Իրանի ատոմային էներգիայի կազմակեպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել , որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կպահպանվի, սակայն նախազգուշացրել է, որ գործարքի չեղարկման դեպքում իրանական միջուկային ծրագիրը կհասցվի նոր մակարդակի։
«Գործարքը կարող էր ճանապարհ հարթել վստահության հաստատման համար, որը մենք կորցրեցինք… Եթե մենք ստիպված լինենք ետ վերադառնալ եւ դուրս գալ միջուկային գործարքից, ապա մենք, անտարակույս, չենք վերադառնա այնտեղ, որտեղ կանգնած էինք անցյալում: Մենք կանգնած կլինենք շատ ավելի բարձր դիրքում»,- հայտարարել է Սալեհին «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը տված հարցազրույցում: Ինչպես նշվում է գործակալության նյութում, զրույցի ընթացքում Սալեհին պատմել է «Նաթանզի ուրանի հարստացման ձեռնարկությունում ավելի արդիական ցենտրիֆուգների արտադրության նոր օբյեկտի կառուցմանն ուղղված Իրանի ջանքերի մասին»:
Նա նաեւ քննադատության է ենթարկել ԳՀՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Ես կարծում եմ, որ նա տանուլ տվածների թվում է, քանի որ առաջնորդվում է ուժի տրամաբանությամբ: Նա մտածում է, որ ինչ-որ ժամանակ կարող է այդպես գործել, սակայն, անտարակույս, նա ոչ մի օգուտ չի քաղի այդ դուրս գալով»,- ընդգծել է Սալեհին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: