
Եվրախորհրդարանը կոչ է արել ուժեղացնել սեռական ոտնձգությունների դեմ պայքարը

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 11-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում ԵՄ-ում ուժեղացնել պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, ինչպես նաեւ կին քաղաքական գործիչների նկատմամբ «թրոլինգի» դեմ Համացանցում: Բանաձեւի նախագիծը ներկայացվել է կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության կոմիտեի զեկուցողի կողմից։
«Կանանց մինչեւ 55 տոկոսը ԵՄ-ում ենթարկվել է սեռական ոտնձգությունների, յուրաքանչյուր տասներորդ կինը սեռական ոտնձգության կամ հետապնդումների է ենթարկվել նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասված է բանաձեւին կից բացատրական գրության մեջ:
«Եվրախորհրդարանը կոչ է անում անդամ երկրներին՝ միջոցներ ձեռնարկել աշխատավայրերում բռնությունները եւ սեռական ոտնձգությունները կանխելու ու կասեցնելու համար, այդ թվում՝ խախտողների նկատմամբ… խիստ եւ զսպող պատժամիջոցների միջոցով»,-ասված է բանաձեւի տեքստում, որին հավանություն է տրվել 528 «կողմ» եւ 48 «դեմ» ձայներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: