Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հրաժարակա՞ն կտան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մինչև քննության ավարտը հրաժարական ներկայացնի։ «Ես կառչած չեմ այս պաշտոնից, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, և կարծում եմ՝ շատ գործեր ունեմ անելու։ Որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ ես պետք է հրաժարական տամ, ես հրաժարական կտամ։
Կա՛մ հասարակությունը, կա՛մ հանրապետության քաղաքական ղեկավարությունը։ Բայց այս ձայնագրության տարածման հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որ սկսել ենք, թողնենք կիսատ։ Անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք սկսել այդ գործը, տեղյակ ենք մանրամասներին և ունենք այնքան կամք ու վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»,-պարզաբանեց Վանեցյանը։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ հրաժարական կտա այն դեպքում, երբ զգա, որ դա հանրային պահանջ է. «Եթե հանրությունը պահանջի, բոլորը դա կզգան»։
Հարցին՝ արդյո՞ք գաղտնալսումներն ԱԱԾ ներսում են արվել, թե ոչ, ինչպե՞ս է ստացվում, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ վերջին հարցն իրեն ամենաշատն է հետաքրքրում այս պահին.
«Երկրի անվտանգության համար դա շատ վատ է։ Տպավորություն է, որ երկու կառույց՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, որոնք վերջին շրջանում ստանձնել են դեր՝ այս երկրում, հանրությունն իր գնահատականը բազմիցս տվել է։ Այս 3-4 ամսվա ընթացքում մենք այնքան գործ ենք արել, որ վերջին 10 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել։ Եթե ԱԱԾ ներսում է արվել ձայնագրությունը, շատ ցավալի է։
Քրեական գործ է լինելու։ Եթե գաղտնալսում են ինձ ու ՀՔԾ պետին, ապա շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին՝ վարչապետին, նախագահին պաշտպանության նախարարին»։