Աֆղանստանում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետևանքով
Աֆղանստանի արեւելքում առնվազն 25 մարդ է զոհվել բողոքի ակցիայի մասնակիցների վրա մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով, վիրավորվել է եւս 60 հոգի: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժիշկներին:
«Առնվազն 25 մարդ է զոհվել, եւս 60-ը՝ վերքեր ստացել պայթյունի հետեւանքով»,-հեռուստաալիքը մեջբերել է Նանգարհարի նահանգի բժշկական ծառայության ներկայացուցիչների խոսքը:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 11-ին երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի շրջաններից մեկում պայթուցիկ սարք է գործի դրել բողոքի ակցիայի ընթացքում: Բողոքավորները պահանջում էին տեղի ոստիկանապետի պաշտոնաթողությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ արմատական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: «Թալիբան» շարժումը ժխտում է իր մեղսակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: