«Այդ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է». Արթուր Վանեցյան

«Համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ խոսում ենք ես և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, այդ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, և տարօրինակ է, որ գաղտնալսվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է ձայնագրել այդ խոսակցւոթյունը։ Գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցված է քրեական գործ այս փաստով։ Խոսակցությունն, այո, եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոսով համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա։ Նման քննարկում իմ և Խաչատրյանի միջև կայացել է, և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,-ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա ասաց, որ ստացել է մի հաղորդագրություն՝ փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր. «Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյանը որպես իրավաբան տվել է բացատրություններ այդ հարցի շուրջ։ Այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որ սկսել ենք, շարունակելու ենք և մեզ չի խանգարելու ոչ մի բան։ Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև և այդ պրոցեսն անկասելի է»։

Կարդացեք նաև

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ Վանեցյանը մտահոգություն ուներ այն հանգամանքի հետ կապված, թե արդյո՞ք ճիշտ է, որ անձը առանց ձերբակալվելու ներկայացվում է դատարան և դատարանի կողմից պետք է քննության առնվի այդ միջնորդությունն այն պայմաններում, եթե անձն ազատության մեջ է.

«Եթե լսել եք՝ տվյալ ձայնագրության մեջ ես խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին, և ասում, թե ինչ պատճառով այս ձերբակալումը չի իրականացվել։ Եկրորդ՝ այնտեղ խոսվում է ՀԱՊԿ նախագահ Խաչատուրովի կալանավորման մասին, որտեղ տեղյակ եմ պահում Վանեցյանին, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է ու ես հայտնել եմ վարչապետին։ Եթե ուշադիր եք լսել, վարչապետը բազմիցս հայտնել է, որ երբևիցե քաղաքական արգելք չի լինելու այս կամ այն անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավվելու հետ կապված։

Վարչապետին տեղյակ եմ պահել, որ այդ գործով անցնող բոլոր անձնանց մասով իմ կողմից միջնորդություններ ներկայացվելու են դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, ինչը և արվել է Խաչատուրովի դեպքում։ Քանի որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք կարող են խոչընդոտել նախաքննությանը, և այս գործով կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»։

ՀՔԾ պետի գնահատմամբ՝ այդ գաղտնալսումն ու դրա հրապարակումը Մարտի 1-ի գործի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է. «Սա ինքնին հանցանք է՝ անձի մասին առանց դատարանի թույլտվության տեղեկություններ հավաքել և հրապարակել, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կկատարվի նախաքննություն։ Սա ուղղված է իմ ու պարոն Վանեցյանի գործողությունները կասեցնելուն, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկրում, վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, օրենքի դաշտ կազնչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին։ Սա շատ խղճուկ փորձ է ՝ մեզ կանգնեցնելու»։

 

Տեսանյութեր

Լրահոս