Հայաստանի ռուսական ռազմակայանի մեխանիկ- վարորդները էքստրեմալ վարման դասընթաց են անցել
Հայաստանի ռուսական ռազմակայանի մարտական մեքենաների ստորաբաժանումների մեխանիկ-վարորդները էքստրեմալ վարման դասընթաց են անցել առավել բարձր աստիճանի բարդության տանկադրոմում: Երկկողմ մարտավարական վարժանքների շրջանակում մարտական մեքենաների անձնակազմերը ստուգողական վարժություններ են կատարել տանկադրոմում:
Մոտավորապես 3 կիլոմետր երկարությամբ երթուղում մեխանիկ վարորդները հաղթահարել են կամուրջ, հեղեղատ, ցեխափոսեր, բլրալանջեր եւ այլ խոչընդոտներ: Հետեւակի մարտական մեքենայի վարման վարժությունները մեխանիկ-վարորդները կատարել են մարտական վիճակում, իսկ առանձին հատվածներ՝ պաշտպանության անհատական միջոցներով:
Զինծառայողները նաեւ կատարել են ավտոշարասյուների ուղեկցման, դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակման դիմագրավման, ռազմական տեխնիկայի տարհանման ու նորոգման, առաջադրանքների կատարման վայրից հետախույզների եւ մարտի դաշտից պայմանական վիրավորների դուրսբերման ուսումնամարտական առաջադրանքներ: Հետեւակի մարտական մեքենաների, զրահափոխադրիչների, տանկերի եւ զորամիավորման այլ հատուկ անվավոր եւ թրթուրավոր զրահամեքենաների վարման ստուգողական վարժությունների կատարման ընթացքին հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: