Հնդկաստանում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 50-ի
Հնդկաստանի Տելինգանի նահանգում ուխտավորների փոխադրող ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նահանգի իրավապահ մարմիններում: «Ներկայում մեզ հայտնի է 50 զոհվածների մասին, նրանց թվում կան երեխաներ:
Տուժածների թիվը շուրջ 20 է, նրանցից մի քանիսը ծանր վերքեր են ստացել: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: «Սա վերջին մի քանի տարում ամենախոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկն է ոչ միայն Տելինգանում, այլեւ ամբողջ Հնդկաստանում»,-հավելել է գործակալության զրուցակիցը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի առավոտյան Ջագտյալի շրջանում: Ավտոբուսում, որում, ըստ նախնական տվյալների, գտնվում էր շուրջ 70 մարդ, այդ թվում՝ ուխտավորներ ու նրանց ընտանիքների անդամներ, լեռնանցքով ուղեւորվում էր Կոնդագատու հայտնի սրբավայրը:
Ոստիկանությունում այն կարծիքին են, որ վթարի առավել հավանական պատճառը դարձել է արգելակների խափանումը: Մի քանի անգամ շրջված ավտոբուսն ընկել է անդունդը: Ներկայում վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտված են: Իշխանությունները պատահածի հետաքննություն են անցկացնում: