Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթնաժողովը. ՖՄԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, կարողանում է դառնալ մասը և անդամը մի հսկայական տարածքի, որն իր նպատակներն ունի և՛ անվտանգության ու կայուն զարգացման, և՛ երկխոսության մակարդակով:

Այս մասին արտգործնախարարություն տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Նրա խոսքով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընտրել է կարևորագույն թեմաներից մեկը` ապրել միասին, համերաշխության մեջ, և սա մի կարևորագույն պայման է բարգավաճման և խաղաղության համար: «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է այս գագաթնաժողովը: Մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»,-ասաց նա:

Ժանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում կարևոր որոշումներ կընդունվեն: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև այն թեկնածուների հարցը, որոնք կցանկանան միավորվել Ֆրանկոֆոնիային: Միկաել Ժանը այցի շրջանակում հասցրել է գնալ Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև լինել ԹՈՒՄՈ-ում: «Ես երջանկություն ունեցա Թումոյում խոսել երիտասարդների հետ և տեսնել, թե ինչպես են նրանք ստանձնում այս թավշյա հեղափոխության սերունդը լինելու պատասխանատվությունը: Նրանք հիանալի և շատ ճարտար տիրապետում են ֆրանսերենին»,-նկատեց ՖՄԿ գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս