Մակրոնի հավանության վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակ
Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը հասել է նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր ցուցանիշին: Այդ մասին վկայում են Odoxa ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները։
Սոցհետազոտության՝ սեպտեմբերի 11-ին տարածված տվյալների համաձայն՝ ներկայում ֆրանսիացիների միայն 29 տոկոսն է հավանություն տալիս Մակրոնի գործունեությանը: Նշվում է, որ այդ ցուցանիշն ամառվա սկզբից նվազել է 12 տոկոսային կետով:
Մինչդեռ երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի գործունեությանը հավանություն տվողների թիվը նույնպես շարունակում է նվազել: Հարցման արդյունքների ցույց են տալիս, որ դրա մասնակիցների 64 տոկոսը բացասաբար է գնահատում նրա աշխատանքը, ինչը հինգ տոկոսային կետով բարձր է, քան ամառվա սկզբին:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 5-6-ին, դրան մասնակցել են հազարից ավելի ֆրանսիացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: