ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպման կազմակերպմանը. Սպիտակ տուն
ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն ձեռնամուխ են եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հնարավոր նոր անձնական հանդիպման կազմակերպմանը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների համար անցկացված հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Նա հաստատել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարի նոր ուղերձը փոխանցվել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին: «Դա շատ ջերմ, շատ դրական նամակ էր, մենք չենք հրապարակի դրա ամբողջ բովանդակությունը, եթե դրան համաձայնություն չտա Հյուսիսային Կորեայի առաջնորդը: Ուղերձի հիմնական նպատակը եւս մեկ հանդիպումն է նախագահի հետ, եւ մենք պատրաստ ենք դրան: Եվ մենք արդեն դրա փոխհամաձայնեցան գործընթացում ենք»,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ Սանդերսը հրաժարվել է ճշտել՝ արդյոք նոր երկկողմ գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ-ի մայրաքաղաքում, ինչն ավելի վաղ հնարավոր էր համարել Թրամփը:
Նա նշել է, որ առայժմ «որեւէ կոնկրետ բան չկա» բարձր մակարդակի հավանական հանդիպման ստույգ ժամանակի վերաբերյալ: Մինչդեռ, ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը նախօրյակին չի բացառել, որ նոր հանդիպումը կարող է կայանալ մինչեւ 2018 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: