
Թրամփն իր գիրքն է գրելու ի պատասխան The Washington Post-ի լրագրողի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել The Washington Post-ի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի «Վախ։ Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը եւ խոստացել, որ ինքն «իսկական գիրք» է գրելու: Այդ մասին նա սեպտեմբերի 10-ին գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Վուդվորդի գիրքը կատակ է, պարզապես եւս մեկ հարձակում ինձ վրա՝ հարձակումների տարափից, չհաստատված, անանուն աղբյուրների օգնությամբ: Շատերն արդեն հայտարարել են, որ իրենց ցիտատները, ինչպես եւ գիրքը, հորինված են:
Դեմոկրատները չեն կարողանում տանել պարտությունը: Ես իսկական գիրք կգրեմ»,-ասված է Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել է, որ սեպտեմբերի 11-ին հրապարակվել է լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ: Թրամփը՝ Սպիտակ տանը» գիրքը, որում նկարագրվում են Թրամփի վարչակազմի ներսում առկա հակասությունները: Դրանում ասված է, որ վարչակազմի ղեկավարն անցյալ տարի էմոցիոնալ հրաման է տվել Պենտագոնին՝ ոչնչացնելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը չի կատարել այդ կարգադրությունը:
Նաեւ հաղորդվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցի ժամանակ «ապուշ» է անվանել նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ հայտարարել, որ նա «կորցրել է դատողությունը»: Բացի այդ, տեքստում ասված է, որ պաշտոնավարումից մեկ ամիս անց Թրամփը խնդրել է գեներալ Դանֆորդին՝ մշակել ԿԺԴՀ-ին կանխիչ հարված հասցնելու պլան, ինչը շշմեցրել է գեներալին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: