«Ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը». Մամուկա Բախտաձե
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Հարգելի′ պարոն վարչապետ,
զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկայացուցիչներ,
տիկնա′յք և պարոնայք,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք:
Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, և շարունակելու են պարբերական բնույթ կրել:
Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:
Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը:
Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, և մինչև այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը կդրվի՝ ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:
Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ավելի ջերմ է դառնում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել և վստահ քայլելով գնալ առաջ»:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե.
«Պարո′ն վարչապետ,
տիկնա′յք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ և առաջ ուզում եմ ողջունել և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, և դրա հստակ ապացույցն այս օրն է:
Այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները և հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, դրսևորեցին մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, և այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջև:
Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, և մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են:
Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով:
Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ:
Միևնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միևնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը:
Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան և միևնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»: