Փորձել էին տնից գողություն անել, սակայն ոստիկանները կանխել էին
Սեպտեմբերի 2-ին Էջմիածնի Կոմունարների փողոցի մի տնից փորձել էին գողություն անել: Օգտվելով տան տերերի բացակայությունից ինչ-որ մեկը ցանկապատով մտել էր ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել տան հետնամասի դուռը, սենյակները տակնուվրա անելուց հետո հափշտակել էր կենցաղային իրեր, զարդեր, ոգելից խմիչքներ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գողոնը թողել էր տան ցակապատի մոտ և հեռացել:
Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ օպերտիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ ստացվեց: Տանտերը կասկածում էր, որ բնակարանգողերը դեռ առանձատան տարածքում են: Անհրաժեշտ էր րոպե առաջ Կումունարների փողոց հասնել:
Դեպքի վայրում տուժողի հետ զրուցելուց հետո, առաջինը, որ ոստիկաններն արեցին, առանձնատան սենյակներն ու բակն ուսումնասիրելն էր: Տանտերերի անակնկալ վերադարձը հավանաբար ստիպել էր նրանց փախչել, իսկ գողոնը թաքցրել էին, որ հարմար պահի վերադառնան: Այս վարկածը ոստիկաններին հուշում էր մի փոքր էլ սպասել:
Րոպեներ անց իրավապահները տան մոտկայքում կասկածելի երկու երիտասարդի նկատեցին, որոնք ոստիկաններին տեսնելուն պես դիմեցին փախուստի: Քրեական հետախույզները հետապնդեցին, Օրջոնիկիձեի փողոցում բռնեցին նրանց և գողության փորձ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Բաժնում պարզվեց նաև կասկածյալների ինքնությունը` Էջմիածնի բնակիչներ Ալբերտ Ադամյան և Դանիել Բաղդասարյան:
Ըստ Ադամյանի` մենակ է գործել, գողոնը թաքցրել էր, որ Բաղդասարյանի հետ միասին տանեն, սակայն տանտերերի ու ոստիկանների անականկալ այցը ձախողել էր նրանց ծրագրերը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողության փորձ կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
https://www.youtube.com/watch?v=oMQ24iQt9W0
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: