«Եթե ամեն օր միտինգ անես, ապա կստացվի՝ ինչպես Հայաստանում». Մարգարիտա Սիմոնյան
«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է նախօրեին կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ռուսաստանում ընթացած հանրահավաքները:
Նրա խոսքով` Ռուսաստանի տարբեր քաղաքներում ցույցերի մասնակցող երիտասարդների մեծ մասը հետաքրքրության համար էր փողոց դուրս եկել:
«Ոչ մի սարսափելի բան դեռահասների հետաքրքության մեջ չկա: Այդ տարիքում դրանք նույնքան նորմալ են, որքան նրանց դեմքերի պզուկները: Սարսափելի է, երբ ցույցերի մասնակցում են մեծերը` ընտանիք ունեցող, զբաղված, հոգնած մարդիկ:
Սա արդեն իշխանությունների համար զանգ է: Իսկ եթե մեծերը շատ են ու հաճախ են մասնակցում, դա արդեն զանգ չէ, այլ ահազանգ: Իսկ եթե ընդհանրապես ամեն օր և քաղաքի կեսը մասնակցի դրանց, ապա կստանաք, օրինակ, Երևան»,- իր Տելեգրամ-ալիքում գրել է Սիմոնյանը:
RT-ի գլխավոր խմբագիրն ավելացրել է նաև, որ երիտասարդների` միտինգներին մասնակցելու ցանկությունը նույնքան բնական է, որքան, օրինակ, օղի փորձելու, մեքենա վարելու ու դաջվածք ունենալու ցանկությունը:
Պատրաստեց 168.am-ը