«Տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ». Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Բախտաձեի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խորն արմատներ ունի: «Երկու երկրներն այսօր թեւակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական եւ գործընկերային: Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու եւ իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Վրաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում: «Այս տարին խորհրդանշական է եւ՛ Հայաստանի, եւ՛ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաեւ սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության լայն դաշտ եւ երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Մասնավորապես նշվել է գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ տնտեսության այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման կարեւորությունը:
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: