ExxonMobil-ը 10 մլրդ դոլար կներդնի Չինաստանի հարավի նավթաքիմիական նախագծերում. China Daily
ExxonMobil նավթի-գազի կորպորացիան 10 մլրդ դոլար կներդնի Չինաստանի հարավի Գուանդունի նահանգի նավթաքիմիական նախագծերի իրագործման մեջ: Այդ մասին հայտնել է China Daily թերթը:
Կորպորացիայի ղեկավար Դարեն Վուդսը նշել է, որ «ExxonMobil-ը բոլոր միջոցներն ու տեխնոլոգիաները նախապատրաստել է չինական շուկա մտնելու համար»:
Հրատարակությունը գրում է, որ Վուդսը «լավատեսություն է հայտնել նախագծերի իրականացման առթիվ եւ Չինաստանի հետ երկարաժամկետ համագործակցության հույս ունի»: ExxonMobil-ը սեպտեմբերի 6-ին քիմիական համալիրի կառուցման շրջանային համաձայնագիր է ստորագրել Գուանդունի վարչակազմի հետ: Սակայն ներդրումների գումարը չէր հրապարակվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է «Սինհուա» գործակալությունը, քիմիական համալիրը կառուցվելու է Հուեյչժոու քաղաքում՝ Huizhou Dayawan Petrochemical Industrial Park նավթաքիմիական արդյունաբերական պարկի տարածքում: Այն ներառելու է տարեկան 1,2 մլն տոննա հզորությամբ էթիլենի արտադրության գործարան, ինչպես նաեւ պոլիէթիլենի թողարկման երկու արտադրական գիծ եւ պոլիպրոպիլենի արտադրության երկու գիծ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: