«Կալանքն ընդհանրապես պետք է վերացվեր. կալանքի որևէ հիմք չկար». Հայկ Սարգսյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց և նա 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ կալանքն ընդհանրապես պետք է վերացվեր. «Բայց հաշվի առնելով առկա գործը, դրա նկատմամբ առկա հասարակական հետաքրքրությունը, որոշակի այլ պրոցեսներ, գոնե այստեղ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը: Կալանավորման որևէ հիմք չկա: Եթե նույն վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը կանխվի, և յոթ օր հետո, երբ դատարան են բերում կալանավորման հարցը, ասում են՝ արդյո՞ք այս յոթ օրվա ընթացքում փորձել է խոչընդոտել, ասում են՝ ոչ, ու դրանից հետո ինչո՞ւ պետք է կալանավորեին: Այսինքն՝ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:
Ըստ պաշտպանի՝ նման խախտումներով գործով անձին չպետք է երկար ժամանակ կալանքի տակ պահեին. «Մեղադրանքի էությունը մեզ չեն պարզաբանել, դատաքննության փուլում դրան կանդրադառնանք»:
Ինչ վերաբերում է գրավի չափին, փաստաբանն ասաց, որ դրան չի ցանկանում անդրադառնալ, որովհետև Հայկ Սարգսյանի ընկերները մինչև դատական նիստն իրեն հայտնել են, որ պատրաստ են դատարանի կողմից սահմանված գրավի չափը վճարել. «Այս գրավի չափը բավականին բարձր շեմ է»:
Հայկ Սարգսյանի առողջական խնդիրների վերաբերյալ Ե. Սարգսյանն ասաց, որ որևէ փորձաքննություն չի կատարվել, բայց խնդիրներ կան.
«Դա այնպիսի հիվանդություն է, որ անձին նույնիսկ կողմնակի խնամք է երբեմն անհրաժեշտ լինում, բայց այս դեպքում մենք դրա վրա շեշտը չէին դրել: Մենք նշում էինք, որ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի: Դատաքննությունն արդեն սովորական ընթացքով կսկսվի, բայց մինչ այդ որոշակի միջնորդություններ կունենանք, որոնք կներկայացնենք այդ դատական նիստի ժամանակ»: