«Բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ են վաճառվել, թաղապետարանների մի մասը տրված է վարձով, մյուս մասը վաճառված է». Անահիտ Թարխանյան
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտարական ցուցակը գլխավորող , քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը գտնում է, որ Երևանի բյուջեն անարդյունավետ է ձևավորվում և ծախսվում: Լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով դաշինքի ծրագրային հիմնադրույթները, Ա. Թարխանյանը նշեց, որ Երևանի կարևորագույն խնդիրներից է ֆինանսական հոսքերի կառավարումը:
«Ֆինանսական հոսքերի կառավարումը Երևանում շատ վատ վիճակում է գտնվում: Բյուջեն ձևավորվում և ծախսվում է ոչ արդյունավետ: Հոսքերը, որոնք կապված են արտաբյուջետային եկամուտների հետ, անհասկանալի ցածր են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ անշարժ գույքի հարկերի սակագները և հավաքագրման ձևերը չեն համապատասխանում ակնկալվող ծավալներին: Մեր նախնական ենթադրությամբ՝ ամենահամեստ հաշվարկներով 20 միլիոն դոլար պակաս գումար է հավաքվում տարեկան անշարժ գույքերի հարկերից»,- ասաց Թարխանյանը:
Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ դա հիմնականում մեծահարուստների տներն են, որոնք տարիներ շարունակ որևէ գույքահարկ չեն վճարել:
Ա. Թարխանյանը կարևորեց նաև քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի արձանագրումը:
«Քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը ամբողջությամբ չի արձանագրված, և ինչպիսի վիճակում է գտնվում այս գույքը մենք տեղեկություններ չունենք: Պետք է կազմել և աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի գույք ունի քաղաքը, քանի որ բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ են վաճառվել, թաղապետարանների մի մասը տրված է վարձով, մյուս մասը վաճառված է»,- ասաց Թարխանյանը:
Թարխանյանի խոսքով՝ այն գումարը, որը բյուջեով հատկացվում է Երևանին, ոչ նպատակային է ծախսվում:
Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Ահա դրանք. «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցություններ, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքներ:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: