Կարեն Կարապետյանն առաջադրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է Հանրապետական խմբակցությունը, որն էլ միաձայն ընդունել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
«Կարեն Կարապետյանն ունի այն մասնագիտական որակները, որոնք նրան հնարավորություն կտան իրականացնել իր պարտականությունները: Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, նաև այլ մարմիններում աշխատանքի փորձ ունի, որը չափազանց կարևոր է»,- նշեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ աշխատանքային մեծ փորձն իրեն հնարավորություն կտա միանգամից անցնել պարտականությունների կատարմանը:
«Ընտրվելու դեպքում առաջնային եմ համարում ռիսկերի մեթոդաբանության հստակեցումն ու լրամշակումը: Աշխատանքներ եմ տանելու, որպեսզի Հաշվեքննիչ պալատը համալրվի հաշվեքննություն կատարելու ունակություն ունեցող բարձրակարգ մասնագետներով»,- ասաց նա:
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ գաղտնի քվեարկության միջոցով:
Կարեն Կարապետյանը 2016 թ. նոյեմբերի 28-ից ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարն է:
2000 – 2001 թթ.
ՀՀ ԱԺ «Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցության մասնագետ:
2001 – 2003 թթ.
«Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացման» պետական հիմնարկի արտադրական բաժնի գլխավոր մասնագետ:
2004 – 2007 թթ.
ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ:
2007 – 2010 թթ.
Վերահսկիչ պալատի գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ:
2010 – 2015 թթ.
ՀՀ Վերահսկիչ պալատի վարչության պետ:
27.06 – 25.11.2016 թ.
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ներդրումային ծրագրերի գծով տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, գլխավոր տնօրենի տեղակալ- ներդրումային ծրագրերի գծով տնօրեն: