
Մեծ Բրիտանիան Սկրիպալների գործով ապացույցներ կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում

Բրիտանացի դիվանագետները ռուսական կողմի ներկայությամբ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկեն Ռուսաստանի երկու քաղաքացիների մասին, որոնք կասկածվում են Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի մեջ:
Բրիտանական դատախազությունը հայտարարում է, որ հետաքննությունը բավական համոզիչ ապացույցներ է ներկայացրել երկու ռուսաստանցիների մեղադրանքներ առաջադրելու համար, որոնք, վարչապետ Թերեզա Մեյի խոսքով, Գլխավոր հետախուզական վարչության՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ են: Մեծ Բրիտանիան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել խորհրդարանում Թերեզա Մեյի արած հայտարարությունից մեկ օր անց:
Ռուսաստանի ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է, ուստի նրա ներկայացուցիչը ներկա է լինելու այդ նիստում, ինչպես եւ Մեծ Բրիտանիայի մերձավոր դաշնակիցները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ինչպես նշում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը պետք է օգտագործի այդ նիստը, որպեսզի ճնշում գործադրի Ռուսաստանի իշխանությունների վրա եւ ՄԱԿ-ում հայտարարի, որ նման գոծելակերպը բացարձակապես անընդունելի է: