«Օրենքը պետք է նաև հումանիտար լինի, բացառի վհուկների որսը». Արամ Սարգսյան
«Մենք կողմ կլինենք այս փոփոխություններին, եթե բացի քաղաքական փաստաթուղթ լինելուց՝ այս փաստաթուղթը դառնա նաև իրավական փաստաթուղթ»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով, որ միայն այդ պարագայում իրավակիրառ պրակտիկայում հնարավորություն կունենան բացառել թե՛ ներկայացված ընտրական հանցագործությունների անպատժելիության դրսևորումները, թե՛ կանխարգելել դրանք։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ իրավական առումով համաձայն է իր իրավաբան գործընկերների դիտարկումների հետ. «Միանում եմ մինչ այս հանդես եկած իմ իրավաբան գործընկերների դիտարկումներին՝ Գևորգ Պետրոսյանի, Գևորգ Կոստանյանի, Արփինե Հովհաննիսյանի, և եթե այդ մարդիկ լուրջ իրավաբաններ լինելով, շահագրգռված լինելով, որ երկրում նման երևույթներ չլինեն, դիտողություններ են անում ու վտանգներ են տեսնում, դրանց միանշանակ անդրադառնալ է պետք։ Եթե սկսենք խստացնելուց, ապա պետք է մտածենք, որ ցանկացած օրենք ինչքան խիստ, այնքան լավ, բայց, իմ կարծիքով՝ օրենքը նաև պետք է լինի հումանիտար, բացառի վհուկների որսը»։
Սարգսյանի խոսքով՝ այսօրվա կառավարությունը և ժողովուրդը ընտրությունների արդարության առումով պետք է սևեռվի 2 հիմնական հատկանիշի վրա, որոնցից գլխավորը, ըստ նրա՝ վերաբերում է կառավարությանը.
«Այդ թեմայով խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, որն ասում էր՝ աղքատությունն է մեղավոր, որ մարդիկ կաշառք են վերցնում։ Այսինքն՝ կառավարության խնդիրը պետք է լինի՝ կենսամակարդակը բարձրացնել, որ 10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն։ Երկրորդ՝ ովքե՞ր են ընտրակաշառք տալիս, այն մարդիկ, ովքեր այդ ընտրությունների արդյունքում պետական պաշտոններ են զբաղեցնում և իրենց տված ընտրակաշառքը վերադարձնում են։
Այսինքն ՝ լուրջ խնդիր ունենք պետական կոռուպցիայի հետ կապված։ Մեր երկրի պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, որ պետական պաշտոնյաները՝ այդ պաշտոնը կիրառելով՝ շատ մեծ հարստություն են դիզել, և նաև այս ուղղությամբ է, որ կառավարությունը պետք է գործընթացներ ծավալի, և մեր հանրությունն իր ուշադրությունը սևեռի։ Աշխատավարձով ապրող մարդն ընտրակաշառք չի տա, և եթե մարդը տեսնում է, որ իրեն ընտրակաշառք են առաջարկում, ուրեմն՝ հետո գնալու են ու այդ ընտրակաշառքը հանելու, դրա համար ժողովուրդն ինքն էլ պետք է մերժի այդ ընտրակաշառքը»։