«Մարդուն տանել՝ 3 տարի ազատազրկել, ինչ է թե՝ նա խոստացել է մեկին կողմ քվեարկել, հակասում է քրեական իրավունքի գիտությանը». Գևորգ Պետրոսյան
«Իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգներ է ներկայացնում»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Կոստանյանն ասաց, որ արտահերթ նիստը չտապալելու համար իրենք հանձնաժողովում կողմ են քվեարկել նախագծին, մինչդեռ այն պետք է քննարկվի և շտկվի. «Այս տեսքով օրենքի ընդունումը համարում եմ վտանգավոր»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս մտահոգություններ հայտնեց. «Չկա մեկը, ով դեմ չէ ընտրակեղծարարություններին և ընտրակաշառքին, բայց չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել: Կա նպատակ՝ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց չի կարելի այդ զերծ պահելը անել ավելի կարևոր շահեր ոտնահարելու հաշվին: Այս արտաիրավակարգավորումը ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին»։
Պետրոսյանի խոսքով՝ մարդ չիմացաբար կամ որոշակի ազդեցության տակ ընկնելով՝ կարող է խոստումներ տալ ու դրանց համար մինչև 3 տարի ազատազրկվել. «Մարդուն տանել՝ 3 տարի ազատազրկել, ինչ է թե՝ նա խոստացել է մեկին կողմ քվեարկել: Սա հակասում է քրեական իրավունքի գիտությանը: Քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս մարդկանց իրենց մտքերի ու մտադրությունների համար ենթարկել պատասխանատվության: Խոստումը հավասարեցված է կաշառք տալուն, այստեղ նույնպես խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»։