Բաժիններ՝

Որքան առաջին դասարանցի գնաց դպրոց

Սեպտեմբերի 1-ը մի տեսակ աննկատ անցավ: Օրը շաբաթ էր: Հավանաբար դա էր պատճառը: Ուսումնական տարվա միջոցառումներն ու հարակից տրամադրությունները ժամանակի մեջ ձգձգվեցին մինչև երկուշաբթի:

Մինչ այդ հայտնի էր, որ բուհերը դիմորդների քանակի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Ուստի ուշադրության կենտրոնում պիտի հայտնվեին դպրոցականները: Հատկապես, որ Կրթության նոր նախարարը, իր մյուս գործընկերներից շատերի նման, հեղափոխական խոստումներ էր տվել ու որոշ քայլեր ձեռնարկել: Հետևաբար՝ որոշակի հետաքրքրություն կար:

Սեպտեմբերի 1-ին պարզվեց, որ ներառական կրթության համընդհանուր ներդրումը մեկ տարով հետաձգվում է: Փոխարենը՝ առանձին վերցված մեկ` Արմավիրի մարզում, ներդրվեց առաջին անգամ դպրոց եկած երեխաների դասարանների բաժանումը վիճակահանությամբ անելը: Փորձը հետաքրքիր է: Բայց լավ է, որ միանգամից հանրապետության բոլոր դպրոցներին չի պարտադրվել: Նախարարն ու իր ղեկավարած հիմնարկությունը մեկ տարի ժամանակ կունենան ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում իրենք իրենց բարեփոխումը մշակելու համար: Հատկապես, որ նախարարը խոստացավ լուսանկարել դպրոցի վիճակահանության ցուցակներն ու որոշ ժամանակ անց դրանք համեմատել արդեն գործող դասամատյանների հետ:

Այս տարի Կրթության նախարարությունը (համարյա բոլոր մյուս նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նման) ավելի հրապարակային ու բարձրաձայն է գործում: Հետևաբար՝ կրթության ու ուսումնական տարվա մեկնարկի լրահոսի մեջ հիմնականում նոր ու սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվությունն էր: Թվեր ու վիճակագրություն համարյա չկար: Մինչդեռ, իմ կարծիքով, սեպտեմբերի 1-ի ամենակարևոր տեղեկությունն առաջին դասարանցիների քանակն է: Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրի հանրակրթության ոլորտում սովորող աշակերտների թիվը բավական կայուն է: Այն տատանվում է 364-369 հազար ցուցանիշի արանքում: 2012թ. հանրակրթական դպրոցներում սովորում էր 368 հազար 700 աշակերտ: Իսկ անցած տարի` 364 հազար 900 աշակերտ:

Վերջին տարիներին դպրոցների քանակն էլ էական փոփոխություններ չի կրում: Հայաստանում կա մոտ հազար 435 դպրոց: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր երկրի բնակչության 63 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում: Բայց դպրոցների քանակի ցուցանիշները համարյա հակառակ պատկերն ունեն: Հանրակրթական դպրոցների մոտ 60 տոկոսը գործում է գյուղական համայնքներում: Եվ սա հասկանալի է: Հաճախ հնարավոր չէ փոքր գյուղական համայնքների աշակերտներին «պարտադրել» դպրոց գնալ հարևան գյուղ կամ բնակավայր: Տարիներ շարունակ մեր երկրում նման վերաբերմունք չի հաջողվել ապահովել նախադպրոցական հաստատությունների պարագային: Տեսեք, քաղաքային համայնքների նախադպրոցական հաստատություններում ընդգրկված է երեխաների 56 տոկոսը: Իսկ գյուղական համայնքները չափազանց համեստ հնարավորություններ ունեն:

Գյուղերում բնակվող երեխաների միայն 16 տոկոսն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում: Դպրոցների պարագային այս անհավասարությունը կարծես հարթվում է: Քաղաքներում կա 567 դպրոց: Իսկ գյուղական համայնքներում՝ 865: Հիմա՝ հարկավ, ժամանակն է հրապարակելու առաջին դասարանցիների քանակը: Նախապես նշենք, որ Կրթության նախարարության թե նախկին, թե հատկապես նոր ղեկավարությունը միշտ էլ կասկածանքով է ընդունել դպրոցների հաշվետվություններն առաջին դասարանցիների (ու ընդհանրապես աշակերտների) քանակ մասին: Պատճառը մեր օրերի հիմնական արտահայտություն դարձած «կոռուպցիոն ռիսկն» է:

Դպրոցները ֆինանսավորվում էին (կարծեմ հիմա էլ) աշակերտների քանակով: Ուստարվա բյուջեն հաստատելուց հետո աշակերտների թվի փաստացի նվազումը դպրոցի տնօրենները հիմնավորելու «հնարքներ» ունեին: Մոտ 15 տարի առաջ իշխանությունները հպարտությամբ նշեցին, որ դպրոցի առաջին դասարանցիների թիվն անցավ 40 հազարից:

Վերջին տարիներին այս թիվը կամաց-կամաց կրճատվեց՝ կայունանալով 39 հազարի շրջանակում: 2015-ին պաշտոնապես ունեցել ենք 39 հազար 246 աշակետ: 2018/19 ուստարվա պաշտոնական թվեր դեռ չեն հրապարակվել: Առայժմ խոսվում է 39 հազար 280 առաջին դասարանցու սպասման մասին: Առաջիկա մեկ-երկու ամսում Կրթության նախարարությունը, հարկավ, կհստակեցնի թիվը: Եվ այդ ժամանակ մենք հավանաբար կունենանք իրական տվյալներ դպրոցականների քանակի մասին: Որովհետև նոր նախարարը խոստացել է հրաժարվել «կոռուպցիոն ռիսկ» գնահատվող դպրոցն աշակերտների քանակով ֆինանսավորելու մեթոդից: «Կապրենք` կտեսնենք» ասացվածքի հանգույն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս