Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն առաջարկել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել մինչև 70

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել առաջիկա երեք տարում երկրում բարձրացնել կենսաթոշակի անցնելու տարիքը եւ կատարել այլ փոփոխություններ, որոնք ճապոնացիներին թույլ կտան ավելի երկար աշխատել եւ հետաձգել կենսաթոշակ ստանալը։

Nikkei Asia Review թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե կցանկանար, որ Ճապոնիայում կենսաթոշակի տարիքը 65 տարեկանից բարձր լիներ, իսկ երկրի բնակիչներն ակտիվ մնային մինչեւ իրենց կյանքի վերջը: Ընդսմին ճապոնացիներին կառաջարկվի կենսաթոշակ ստանալը հետաձգել մինչեւ 70 տարեկան՝ փոխարենն ստանալ ավելի բարձր վճարումների իրավունք:

Ընդ որում՝ Աբեն ցանկանում է աշխատանքային օրենսդրության փոփոխության հասնել՝ 65-ից բարձր տարիքի աշխատողների իրավունքները պաշտպանելու համար: Ճապոնիայի բնակչությունը ծերանում է արագ տեմպերով, եւ սոցիալական ապահովության գոյություն ունեցող համակարգն արդեն չի դիմանում ծանրաբեռնվածությանը, թեեւ Ճապոնիայի պետական կենսաթոշակային ֆոնդը (GPIF) աշխարհի խոշորագույն կառավարող ընկերությունն է կենսաթոշակային խնայողությունների բնագավառում:

Այժմ երկրի բնակչությունը, առանց միգրացիայի հաշվառման, կրճատվում է տարեկան 300 հազար մարդով, ընդ որում՝ սպասվում է, որ բնական նվազումը հետագայում կարագանա: Աբեի խոսքով՝ կենսաթոշակային քաղաքականության փոփոխությունը կզուգակցվի երեխաների ու երիտասարդության զարգացման բնագավառում կատարվող ներդրումների հետ:

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալներով՝ կենսաթոշակի անցնելու միջին տարիքը աշխարհի առավել զարգացած երկրներում 64,3-ն է՝ տղամարդկանց համար եւ 63,7-ը՝ կանանց համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս