«Վթարների աննախադեպ աճ կա. Երևանում օրական 80-100 վթար է գրանցվում». Արտակ Խաչատրյան

«Մենք առաջարկում ենք՝ բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական տեղեկատվական կենտրոն ստեղծել, որպեսզի մեկ միասնական և անվճար հեռախոսահամար լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար։ Այսինքն՝ թեժ գծի նման մի բան ստեղծվի և հանձնվի հավատարմագրային կառավարման ՃՈ ծառայությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:

Առաջարկն արդեն ներկայացվել է ԱՊՊԱ բյուրոյին և ՃՈ-ին։ Առաջարկի դրական կողմերից մեկը, ըստ նրա՝ այն է, որ պատահարից հետո վարորդը մի քանի զանգ կատարելու փոխարեն՝ կզանգահարի ընդամենը մեկ հեռախոսահամարով. «Շատ հաճախ լինում է, որ զանգահարում են, և ապահովագրական ընկերությունները չեն պատասխանում գիշերային ուշ ժամերի զանգերին։ Նաև վարորդները չեն զանգահարի ՃՈ և ապահովագրական ընկերություն, այլ կզանգահարեն մեկ հեռախոսահամարով, և իրենց օպերատորները կտեղեկացնեն երկուսին էլ»։

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանն էլ նշեց, որ այդ նախագծով նաև երթևեկությունը կթեթևանա. «ՃՈ-ն գոնե հնարավորություն կունենա խաչմերուկներում կամ տեսախցիկների արձանագրման դաշտում տեղի ունեցած վթարների դեպքում մեքենաները շուտ դուրս բերել։ Այսինքն՝ թեժ գծի աշխատակցի հրահանգով մեքենաներն անվտանգ գոտի դուրս կբերվեն, և երթևեկությունը չի խաթարվի։ Վթարից հետո զանգում են ՃՈ, և ամենաշուտը, որ դեպքի վայր են ժամանում, մեկ ժամն է։ Լինում է, որ 2.5 ժամ հետո են ժամանում։ Դա կապված է վթարների աննախադեպ աճի հետ. Երևան քաղաքում միջին հաշվով օրական 80-100 վթար է գրանցվում»։

168.am-ի հարցին՝ ուսումնասիրություններ ունե՞ն, թե ինչով է պայմանավորված վթարների աճը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, թե դա այլ թեմա է, բայց այնուամենայնիվ նշեց, որ խստացված ծառայությունը չի նվազեցնում վթարների թիվը. «Վթարից խուսափելու տարբեր մեխանիզմներ կան, բայց որ խստացնես, 17 հոգու էլ կանցկացնես 100 մետրանոց ճանապարհին, եթե 100 մետրն անցավ, 101-րդ մետրին հաստատ մի փորձանք կլինի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս