«Եթե մարդ ուզում է աշխատել, առհասարակ որևէ խանգարող հանգամանք չի կարող լինել». Վաչե Երիցյան
Նա կինոյի և թատրոնի ասպարեզում պատահական հայտնվեց, բայց, ինչպես ասում են, կյանքում պատահականություններ չեն լինում: Նրա հնչյունավորած «Հրեշների ընկերության» հայտնի հերոս Մայք Վազովսկին այնքան էր դուր եկել Disney-ի ղեկավարությանը, որ անգամ վկայագիր էին ուղարկել Հայաստան: «Նորամուտ»-ի հերոս դերասան Վաչե Երիցյանը խաղում է թատրոնում, կինոյում, երկու ոլորտներն էլ հավասարապես է սիրում: «Արմենպրես»–ը ներկայացնում է 24-ամյա դերասանի «Նորամուտ»-ը:
Արևելագիտությունն ու դերասանությունը
Ծնվել եմ Հրազդանում, դպրոցական տարիներս այնտեղ են անցել: Թատրոնի և կինոյի հետ կապ չեմ ունեցել, ընդհանրապես հույս չունեի, որ կարող եմ այդ ասպարեզներում հանդես գալ: Դպրոցում միշտ աչքի ընկնող երեխաներ են լինում. ես այդ երեխաներից էի: Արվեստի հետ կապ եմ ունեցել այնքանով, որ հաճախել եմ երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, երգի:
Ընտանիքով որոշեցինք, որ եթե պետք է բուհ ընդունվեմ, պետք է ընտրեմ լեզուներ: Քննարկեցինք, որոշեցինք, որ արևելագիտական պետք է ընդունվեմ: Դուրս չեկավ, բայց ընտանիքս էր որոշել, պետք է համակերպվեի: Մոտ 2 տարի գնացի պարապմունքի և մի օր մորս ասացի. «Այլևս չեմ ուզում գնալ պարապմունքի, չեմ ուզում արևելագիտական ընդունվել, ավելի հետաքրքիր բան որոշենք»: Որոշեցինք, որ պետք է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվեմ: Գտա հարցաթերթիկը, կարդացի հանձնարարված գրքերը, գնացի քննության՝ ընդհանրապես հույս չունենալով, որ կընդունվեմ, հետո էլ անունս գտա երկրորդ շարքում. անվճար սովորելու հնարավորություն էի ստացել: Հասկացա՝ ճիշտ տեղում եմ:
Արմեն Մազմանյանն ու առաջին քայլերն անող դերասանը
Թատերականում շատ կարևոր է, թե ով կլինի քո կուրսղեկը: Ես ընդունվեցի Արմեն Մազմանյանի արվեստանոց, և ինձ բախտավոր եմ համարում: Երեք կուրսղեկներ կային՝ Արմեն Խանդիկյան, Տիգրան Գևորգյան, Արմեն Մազմանյան: Ոչ մեկին չեմ ճանաչել, միայն Խանդիկյանին: Գնացի, մտա քննության, երեքին էլ նայեցի, որոշեցի, որ պետք է Մազմանյանի կուրս ընդունվեմ: Չգիտեմ ինչու: Բայց պետք է ասեմ, որ բախտս բերեց:
Արմեն Մազմանյանը կրթել է չորս սերնդի, և նրա կրթած բոլոր սերունդները կապված են իրար հետ, իրար օգնում են, աջակցում: Ես հիմա «Գոյ» թատրոնում եմ աշխատում, որը վերջերս դարձավ Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոն, և պետք է ասեմ, որ բոլոր 4 սերունդները ներկայացված են թատրոնում: Այս ամենն Արմեն Մազմանյանի շնորհքն է:
Վարպետաց դաս՝ Սոս Սարգսյանից
Բուհում աշխատելու տարիներին նկարահանվել եմ ֆիլմերում: Առաջին կուրսում նկարահանվեցի ռեժիսոր Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմում, որի պրոդյուսերն Արմեն Մազմանյանն էր: Ձեռքբերում էր այն, որ նկարահանվեցի Սոս Սարգսյանի հետ՝ թեկուզ մի փոքր հատվածում: Դա իսկապես վարպետաց դաս էր: Ինձ թվում էր՝ ֆիլմում Սոս Սարգսյանի հետ շատ երկխոսություններ կունենամ, բայց ընդամենը մեկ կտոր էր: Այդքանն էլ բավական էր:
Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ աշխատել եմ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: Խաղացել եմ նրա նկարահանած բազմասերիանոց ֆիլմում, վերջերս էլ կրկին համագործակցել ենք մեկ այլ նախագծի շուրջ, բայց փակագծերը չեմ բացի:
Որպես ներկայացում՝ առաջին լուրջ փորձս եղել է Լալա Մնացականյանի՝ Կ. Չապեկի «Մայրը» բեմադրությունը: Մեծ հաջողություն ունեցավ, մի քանի տարի խաղում էինք, հանդիսատեսը չէր հոգնում: Անգամ Բելառուսում, Չեխիայում ներկայացրինք այն:
Մուտքը «Գոյ» թատրոն
Թատրոն մտել եմ առաջին կուրսից: Մեզ համար շատ հետաքրքիր էր լինել մի թատրոնում, որտեղ իսկապես ընտանեկան մթնոլորտ էր տիրում: Առաջին անգամ բեմում եմ հայտնվել Պ. Վայսի «Մարատ-Սադ» ներկայացման մեջ: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում, մասսայական տեսարաններում խելագարի դեր էի խաղում: Ներկայացման մեջ հանդես գալն ինձ համար մեծ հպարտություն էր. ընդամենը 18 տարեկան էի:
Թատրո՞ն, թե՞ կինո
Երբ ինձ երկու տարի առաջ հարցնում էին՝ ավելի շատ քեզ թատրոնո՞ւմ ես տեսնում, թե՞ կինոյում, պատասխանում էի՝ իհարկե, թատրոնում: Էդգար Բաղդասարյանի շնորհիվ հասկացա, որ թատրոնն ու կինոն երկու միանգամայն առանձին աշխարհներ են: Երբեմն կարող են իրար խանգարել, երբեմն՝ օգնել: Միգուցե տարիներ անց այլ կերպ մտածեմ:
Disney-ը, Մայք Վազովսկին ու «Հրեշների ընկերությունը»
Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկն ասաց. «Մուլտֆիլմերի հնչյունավորման հետ կապված աշխատանք կա, կցանկանա՞ս փորձել»: Տեղեկացա, որ ԱՄՆ-ից՝ Ուոլթ Դիսնեյի ընկերությունից պատվեր է եկել՝ հայերեն հնչյունավորելու իրենց մուլտֆիլմերը: Պետք է նայեինք մուլտֆիլմը, հասկանայինք մեր կերպարը, փորձ անեինք ու ուղարկեինք ԱՄՆ, հաստատվելու դեպքում արդեն կսկսեինք աշխատել: Մի կերպար էին տվել, որը շատ կարճ տեքստ ուներ, կարդացի, բայց չհաստատվեց: Զանգահարեցին, առաջարկեցին փորձել Մայք Վազովսկու կերպարը հնչյունավորել: Փորձեցի, ուղարկեցին ԱՄՆ, հաստատվեց: Մայք Վազովսկուն հնչյունավորելն ինձ համար ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենահաճելի աշխատանքն էր: Բացի «Հրեշների ընկերություն»-ից, Disney-ի այլ մուլտֆիլմեր էլ եմ հնչյունավորել, բայց «Հրեշների ընկերություն»-ն ամենայուրահատուկն ու ամենաառաջին փորձն էր:
Ամենահաճելին այն է, երբ դու քաղում ես աշխատանքիդ պտուղները: 2014 թվականն էր: Disney-ից վկայագիր ստացանք, որ ԱՊՀ տարածքում բոլոր Վայք Վազովսկիների մեջ օրիգինալին ամենամոտն ու ամենաճիշտը Հայաստանինն է: Գրված էր. «Հարգելի Վաչե Երիցյան, շնորհակալություն մեզ հետ աշխատելու համար»: Ես, իհարկե, շատ ուրախացա: Ինձ ուղարկել էին նաև Մայք Վազովսկու խաղալիքը, մինչև հիմա տանը պահում եմ այն:
Չկա խանգարող հանգամանք
Եթե մարդ ուզում է աշխատել, առհասարակ որևէ խանգարող հանգամանք չի կարող լինել:
Մտածում եմ, որ եթե մենք բոլորս սկսենք աշխատել գերմանական ճշտապահությամբ՝ Հայաստանը հրաշալի երկիր կդառնա:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի