Բաժիններ՝

Ի՞նչ է նշանակում «նոր էկոլոգիական գործոններ» և ո՞ւր մնացին հին մտավախությունները. «Լիդիան Արմենիա»

Պարզաբանում ենք օգոստոսի 27-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հրապարակված հաղորդագրությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

Նախևառաջ, հատկանշական է, որ օրենսդրությունը որպես ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հիմք բացի «նոր էկոլոգիական գործոններ»-ից նախատեսում է նաև, օրինակ, փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով գործունեության իրականացումը։ Այն հանգամանքը, որ տեսչական մարմինը, որպես ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հիմք, օգտագործել է «նոր էկոլոգիական գործոններ»-ը և ոչ թե «նախագծային փաստաթղթերից շեղումներով գործունեություն իրականացնել»-ը, վկայում է այն մասին, որ տեսչական մարմինը նույնիսկ մեծ ցանկության և մեծ ջանքեր գործադրելու պայմաններում Ընկերության գործունեության մեջ չի կարողացել գտնել նախագծային փաստաթղթերից շեղումներ և ստիպված է եղել հույսը դնել ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնների» վրա։

Ըստ Տեսչության, այդ «նոր էկոլոգիական գործոնները» Ամուլսարի տարածքում Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակի և «Ապոլո» տեսակի թիթեռի առաջին անգամ հայտնաբերումն է։

«Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակի մասով

Կարդացեք նաև

«Ոզնաթուփ մեխակ»-ը, իբրև, Ամուլսարի տարածքում հայտնաբերել է Տեսչության կողմից ներգրավված կենսաբան Անուշ Ներսեսյանը։ Մինչ օրս, սակայն, Ընկերությանը չի ներկայացվել բուսատեսակի այն առանձնյակը, որն իբրև թե հայտնաբերվել է Անուշ Ներսեսյանի կողմից։ Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կամ այդ բուսատեսակն առհասարակ չի էլ հայտնաբերվել, կամ էլ հայտնաբերվել է ոչ Ամուլսարի տարածքում, քանի որ «հայտնաբերման» այդ գործողությունը տեղի է ունեցել Անուշ Ներսեսյանին ուղեկցող Ընկերության աշխատակիցներից գաղտնի։ Անգամ, եթե հայտնաբերվել է ինչ-որ բուսատեսակ, ապա Անուշ Ներսեսյանը նույնպես վստահ չէ դրա տեսակային պատկանելիության առումով, քանի որ հաշվետվության մեջ նշում է, որ դա «ամենայն հավանականությամբ» կարող է լինել «Ոզնաթուփ մեխակ»։

Ընդ որում, Ընկերության ՇՄԱԳ հաշվետվության մեջ կա անդրադարձ այդ բուսատեսակին ևս։ Մասնավորապես, հաշվետվության մեջ (տե՛ս էջ 220) նշվում է, որ տվյալ բուսատեսակը հայտնի է Գնդեվազ գյուղի շրջակայքից.

• Acantholimon caryophyllaceum: Գնդեվազ գյուղի շրջակայք, Արևելյան Արփա-չայի վերին հոսանք: Ֆրիգանա, հրաբխային ժայռերի հարավային քարացրոններ: Միջին լեռնային գոտի, 1600 մ: Հավաքվել է 1946 թ. Ա. Հախվերդովի և Ն. Միրզոևայի կողմից:
Անցած 70–ից ավելի տարիների ընթացքում այս տեսակները Գնդեվազ գյուղի շրջակայքից այևս չեն հավաքվել: Այս նպատակով 2012-2015 թթ. ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի մասնագետների մի խումբ հատուկ որոնումներ է իրականացրել Գնդեվազ գյուղի շրջակայքում և Ամուլսար լեռան տարածքում: Ցավոք, որոնումները հաջողությամբ չեն պսակվել, և այս բուսատեսակը նշված տարածքում չի հայտնաբերվել:

Բացի այդ, ինչպես երևում է Տեսչության ներգրաված «մասնագետների» հաշվետվության մեջ ներկայացված լուսանկարից, Անուշ Ներսեսյանը քաղել է այն բուսատեսակը, որն ըստ իրեն, «ամենայն հավանականությամբ», կարող է լինել Կարմիր գրքում գրանցված բուսատեսակ։ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 93-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելու համար։ Սա ևս խոսում է այդ մասնագետի մասնագիտական որակների մասին, ով նույնիսկ տեղյակ չէ, որ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակը քաղելն իրավախախտում է։

«Ապոլո» տեսակի թիթեռի մասով

2013թ-ին ելակետային ուսումնասիրությունների ժամանակ Ընկերության կողմից տարածքում հայտնաբերվել է 60 տեսակի թիթեռ, այդ թվում նաև Ապոլո (Parnassius apollo) տեսակը, որը նախկինում առնչվում էր առաջարկվող դատարկ ապարների լցակույտի տեղամասի հետ (տե’ս ԲՍԱԳ հաշվետվություն, գլուխ 4.10, էջ 89,91): Սակայն համաձայն ՇՄԱԳ փորձաքննության ներկայացված նախագծի՝ դատարկ ապարների լցակույտի տեղադիրքը փոխվել է, որի արդյունքում տեսակի կենսամիջավայրը դուրս է մնացել հանքի անմիջական ազդեցության գոտուց, այդ իսկ պատճառով ՇՄԱԳ հաշվետվությունում չի ընդգրկվել: Որևէ գիտական հիմք չկա պնդելու, թե այդ վայրը հանդիսանում է բնակատեղի այդ տեսակի համար։

Այսպիսով, Տեսչության կողմից հայտնաբերված «նոր էկոլոգիական գործոնները»-ը ամենևին էլ նոր չեն, դրանք Ընկերության կողմից ստացել են բավարար հետազոտական ուշադրություն նախագծային փաստաթղթերը կազմելիս։ Այն, որ Տեսչությունը դրանք համարել է «նոր գործոններ», զուտ վկայում է այն մասին, որ Տեսչությունը պարզապես չի կարողացել հայտնաբերել Ընկերության կողմից նախագծային փաստաթղթերից շեղումներ և ստիպված ապավինել է «նոր էկոլոգիական գործոններ»-ի մտացածին պատճառաբանությանը։

Տեսչության հայտարարության մեջ նաև նշվում է, թե դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Տեսչությունը զուտ երկու փորվածքի առկայությունը դիտարկել է որպես «օգտակար հանածոյի արդյունահանում»։ Տեսչության հետ հանդիպման ժամանակ բազմիցս խնդրեցինք պարզաբանել, թե ըստ իրենց ինչ օգտակար հանածոներ են արդյունահանվել այդ փորվածքներից, սակայն այդ հարցին Տեսչության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չկարողացավ պատասխանել։

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանումը օգտակար հանածոյի դուրսբերումն է հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիրն է:

Ավելին, ս.թ. հուլիսի 30-ին ստուգայց է իրականացվել դեպի Ընկերության շինարարական տարածք, մասնավորապես դատարկ ապարների լցակույտի (ԴԱԼ) տարածք: Այցի նպատակն էր նախատեսվող լցակույտային տնտեսության տարածքում փորված փոսորակից դուրս բերված զանգվածը որպես կավային գրունտ դիտարկելն ու գնահատելը (նմուշառման միջոցով): Ստուգայցին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ա. Գրիգորյանը, տեսչական խմբի ներկայացուցիչ, երկրաբան Դ. Առաքելյանը և Ընկերության ներկայացուցիչ Տ. Նավասարդյանը: Երկրաբանը, ուսումնասիրելով բացված փոսորակը, հստակորեն նշեց (մեջբերվում է տառացի)․«այդտեղ կավային գրունտի երևակումները շատ չնչին են և այդ տարածքը գործնականում անհնար է համարել կավային գրունտի հավանական արդյունահանաման աղբյուր»: Ուստի դա որևէ կերպ օգտակար հանածոյի արդյունահանում համարվել չի կարող:

Ինչ վերաբերում է «Եղեգնաձոր ՋՕ» ընկերության և Ջերմուկի համայնքապետարանի վերաբերյալ Տեսչական մարմնի հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին, ապա դրանք վերաբերելի չեն Ընկերությանը և հարկ չենք համարում անդրադառնալ դրանց։

Այսպիսով, մեկ ամսից ավելի տևած ստուգումների արդյունքում ի հայտ եկած իբրև թե «նոր հանգամանքները» ոչ մի կերպ չեն արտացոլում ջրի, օդի, հողի կամ շրջակա համայնքների վրա ազդեցության վերաբերյալ շահարկումները, որոնք «մտահոգում» են Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց: Տեսչական մարմնի եզրակացությունն անպայման կբողոքարկվի հապատասխան ատյաններում։

Ցանկանում ենք նաև հիշեցնել, որ Ամուլսարի նախագիծը եղել է, և երկար տարիներ լինելու է միակ լավագույնը ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլ նաև մնացած բոլոր ոլորտներում բնապահպանական, սոցիալական և աշխատանքային անվտանգության առումներով։ Մենք հպարտ ենք նման ազգային և միջազգային նշանակության ծրագրի ակունքներում կանգնած լինելու կապակցությամբ։

Ամուլսարի ծրագիրն արդեն արել է իր լավ գործը մեր հայրենիքի համար՝ այն սահմանել է մի նշաձող, որին միգուցե նաև անհնարին է դառնում հասնելը։

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս