«Գերմանիան Հայաստանին կսատարի ու կօգնի մի շարք հարցերում»

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցով հայ-գերմանական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան:

«Գերմանիան Հայաստանին կսատարի ու կօգնի մի շարք հարցերում, մասնավորապես՝ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման գործում: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԵՄ երկրների շարքում համար 1-ն է, և Մերկելը բաց տեքստով ասաց, որ իրենք նպաստելու են Եվրոպայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը: Մերկելը նշեց նաև, որ Արցախյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, և Գերմանիան իր կողմից ամեն ինչ կանի՝ դրան նպաստելու համար»,- ասաց Նավասարդյանը:

Դեսպանի խոսքով՝ կարևոր էր նաև, որ աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարն իր աչքով տեսավ «Թավշյա հեղափոխություն» իրականացրած Հայաստանը:

«Միջպետական և երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեց նաև այն, որ Մերկելը եկավ և տեսավ այն փոփոխությունները, որ կան Հայաստանում: Հայաստանի ռեյտինգն աշխարհում այս պահին բարձր է որպես Թավշյա հեղափոխություն իրականացրած երկիր»,- նշեց նա:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը դրական է համարում Գերմանիայի կանցլերի այցը, սակայն նշում է, որ դա բոլոր հարաբերությունների նախերգանքն է, իսկ, թե ինչպես դրանք կզարգանան, ցույց կտա ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս