Իսրայելը բացեց «Էրեզ» հսկիչ անցակետը Գազայի հատվածի հյուսիսային սահմանում
Իսրայելն օգոստոսի 27-ին բացել է «Էրեզ» հսկիչ անցակետը Գազայի հատվածի հյուսիսային սահմանում, որի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 19-ին սահմանամերձ շրջաններում զանգվածային անկարգությունների պատճառով: Այդ մասին հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել է սահմանային անցակետի աշխատակցուհին:
«Այո՛, մենք բաց ենք»,-նշել է գործակալության զրուցակցուհին: Օգոստոսի 26-ի երեկոյան իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը որոշում է ընդունել օգոստոսի 27-ից բացել «Էրեզ» հսկիչ անցակետը՝ կապված պաղեստինյան ծովամերձ միջատարածքի հետ սահմանում հարաբերական անդորրի պահպանման հետ:
«Էրեզ» հսկիչ անցակետը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսային սահմանում, հիմնականում օգտագործվում է Գազա եւ հակառակ ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների ուղեւորությունների, լրագրողների եւ Իսրայելի իշխանությունների հավանությամբ բժշկական նկատառումներով Իսրայելի ուղեւորվող պաղեստինցիների համար:
Օգոստոսի 15-ին Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Քերեմ-Շալոմ» միակ բեռնատար անցակետը, որը մեկ ամիս առաջ փակվել էր ի պատասխան պաղեստինյան միջատարածքի սահմանի մոտ պաղեստինցիների եւ իսրայելացի զինվորների միջեւ սադրանքների ու բախումների: