Մերկելը քիչ հավանական է համարում Վրաստանի մոտալուտ անդամակցումը ՆԱՏՕ-ին
Գերմանիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը, բայց դաշինքին երկրի մոտալուտ անդամակցումը քիչ հավանական է: Այդ մասին օգոստոսի 24-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Թբիլիսիում ուսանողների հետ կայացած հանդիպմանը, որն ուղիղ եթերում հեռարձակում էին մի քանի հեռուստաալիքներ:
«Գերմանիան պաշտպանում է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման գործընթացը, բայց, ցանկանում եմ անկեղծ լինել՝ այս փուլում ԳԴՀ-ն չի կարող խոսել դաշինքին Վրաստանի մոտալուտ անդամակցության մասին»,-ասել է Մերկելը:
Միեւնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը կոչ է արել «շարունակել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման գործընթացը եւ քայլ առ քայլ ընթանալ այդ ուղղությամբ»:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման համար շատ կարեւոր է դաշինքի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործումը, որը հաստատվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»: Այդ կապակցությամբ Մերկելը նշել է «Վրաստանի ակտիվ մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող միջազգային խաղաղապահ գործողությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: