Թրամփը չի պատրաստվում պնդել Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում: «Եթե նրանք ցանկանում ենք հանդիպել, լավ է, եթե՝ ոչ, ինձ համար միեւնույն է»,- ասել է նա:

Օգոստոսի 4-ին Թրամփը Twitter-ում գրել էր, որ գագաթնաժողովի անցկացումը կախված է Թեհրանից: Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն:

«Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները հնարավոր են «միայն այն ժամանակ, երբ Իրանը վստահ կլինի, որ Վաշինգտոնն իրեն չի խաբի»: «Այսօր նման վստահություն չկա»,- ասել է նա: «Գործողություների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի դուրս գալն ապացուցում է, որ Վաշինգտոնին չի կարելի վստահել»,- հավելել է Խամենեին:

Իր հերթին Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 13-ին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող տնտեսական ճնշումն ու սպառնալիքներն Իրանին երբեք չեն ստիպի փոխել իր քաղաքականությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ՝ Զարիֆը բացառել է Վաշինգտոնի հետ երկխոսության հնարավորությունը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը որակելով «քարոզչություն»:

Միացյալ Նահանգների հետ ցանկացած երկխոսություն կսկսվի միայն այն ժամանակ, երբ նա կգործի որպես մի պետություն, որը հարգում է մյուսներին, եւ կդադարեցնի պատժամիջոցների գործողությունը»,- պարզաբանել է դիվանագետը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս