«Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ պետական կառավարման հարցերը չպետք է որոշվեն հրապարակներում, դա վերադարձ է նախնադար»
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լրացավ Կառավարության գործունեության 100 օրը, մեր հեղափոխական զանգվածները մեծ խանդավառությամբ հավաքվեցին Երևանի Ագորայում, Նիկոլ Փաշինյանն էլ շատ կարևոր ելույթ ունեցավ։ Ես համոզված եմ, որ հրապարակում ներկա մարդկանց ճնշող մեծամասնությունը համակավեց հեղափոխության ներկա ընթացքի և ապագայի մասին մեծ ոգևորությամբ։ Ես սակայն, որ իմ կարծիքը կազմում եմ ոչ միայն հրապարակներում բոցաշունչ ելույթներից, այլ նաև դրանք իրականության հետ համադրելով, ցանկանում եմ կիսվել ձեր հետ մի քանի տպավորություններով, կենտրոնանալով, ըստ ինձ, ամենակարևորի վրա։
Սկսեմ դրական տպավորություններից՝
ա) Նիկոլի հայտարարությունը, որ ինքը հող հանձնող չի, և ցանկացած բանակցային լուծում պետք է արժանանա ժողովրդի աջակցությունը, ամենակարևոր դրական ուղերձն էր ինձ համար, և դիվանագիտական իմաստով հակառակորդին և նրան աջակցողներին դնում է բարդ դրության մեջ։ Կարևոր է հիմա, որ Նիկոլը նաև նշի, թե իր պատկերացրած այդ որ տարբերակն է, որ ձեռնտու է մեզ համար, այդ ժամանակ այս ուղերձը կանցնի իրականության հիմնական թեստը
բ) Նիկոլը խոսեց անցումային արդարադատությունից՝ սրա մասին մենք վաղուց արդեն խոսում ենք, հիմնավորելով, որ առկա դատաիրավական համակարգը հնարավոր չի օգտագործել անցյալի քաղաքական հանցագործությունները քննելու համար։ Սակայն անցումային արդարադատության մարմիններ ձևավորելը լուրջ գործ է, դրանք պետք է լինեն մաքսիմալ հեղինակավոր և ներկայացուցչական, բարձրագույն լեգիտիմություն ունենան, այլապես անցումային արդարադատությունը կվերածվի ինքնադատաստանի։
Այս իմաստով, պնդումը, որ մարտի 1-ի գործը լրիվ ծավալով բացահայտվել է, ինձ համար խնդրահարույց էր, քանի որ այդպիսի բացահայտում կարող է տեղի ունենալ միայն դատական պրոցեսի արդյունքում, և ոչ թե նրանից առաջ:
գ) ուղիղ ժողովրդավարության մասին խոսակցությունը օգտակար էր, եթե դրա ծավալումը լինի համապետական և տեղական հանրաքվեների միջոցով, որը հնարավորություն կտա ցանկացած հարցի կողմերին ազատ քարոզչություն ծավալել, և ճշգրտորեն վերահսկել կամարտահայտության արդյունքը։ Փորձել դա փոխարինել հրապարակի որոշումներով՝ բերելու է աբսուրդի (նույն հին Աթենքում այն, ի վերջո, բերել է աբսուրդային որոշումների), կարծում եմ, ցանկացած բանական մարդ հասկանում է, որ պետական կառավարման հարցերը չպետք է որոշվեն հրապարակներում, դա վերադարձ է նախնադար, ինչքան էլ որ ականջ շոյող թվա այդ պահին հրապարակում կանգնածի համար:
Շարունակեմ խնդրահարույց պահերով
ա) այն, որ Ազգային ժողովը պետք է ինքնալուծարման մեխանիզմ ունենա, գուցե և նորմալ գաղափար է, բայց կոնկրետ կոնտեքտում հնչում էր որպես ակնհայտ շանտաժ Ազգային ժողովի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ այդ Ազգային ժողովում ներկայացված ուժերի մեծ մասը աջակցել են Նիկոլ Փաշինյանին, բայց երեկ չէին գտնվում հարթակում, իսկ Նիկոլն էլ հատուկ հայտարարեց, որ ոչ մի կոալիցիա չկա, սա փաստացի ոչ միայն հանրապետականների, այլև մնացած խորհրդարանական ուժերի դեմ նոր հարձակում է նշանակում։
Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելուց հետո, սա հաջորդ մեծ նվերն էր նրան, քանի որ ինքնապահպանման բնազդը դրդելու է հիմա այդ բոլոր ուժերին համախմբվել նրա շուրջ՝ ամեն գնով պահպանելու այս Ազգային ժողովը։ Եթե դեռ երկու ամիս առաջ Ազգային ժողովի ցրումը և նոր ընտրությունները կարծես բոլորի կողմից ընդունված կոնսենսուս էին համարվում, հիմա այս խնդիրը խիստ բարդանալու է, իսկ փողոցից Ազգային ժողովի վրա ճնշումը այս անգամ կարող է բերել անկանխատեսելի արդյունքների:
բ) դատավորների հասցեին հնչեցրած սպառնալիքները մյուս մտահոգիչ պահն էր։ Դատավորները կարող են չհամապատասխանել հեղափոխական զանգվածների պատկերացումներին, սակայն նրանք այնպիսին են, ինչպիսին կան, և հանդիսանում են իշխանության երրորդ ճյուղը, որը հատուկ կառուցված է խիստ պահպանողական մոդելով՝ երաշխավորելու նրա անկախությունը իշխանության մյուս ճյուղերից։ Նախորդ իշխանության ժամանակ դա պարբերաբար կոպիտ խախտվում էր, բայց հիմա վերջապես սահմանադրական և քաղաքական հնարավորություն է առաջացել՝ կայացնել իրապես անկախ դատական համակարգ, և այն աստիճանաբար բարեփոխել։ Եթե հիմա շեղվենք այդ ճանապարհից «հեղափոխական նպատակահարմարության» լոզունգի տակ, շատ արագ կհասնենք այնտեղ, որտեղից սկսել ենք, ու շատ ավելի վատ տեղ էլ կարող ենք հասնել
գ) այն, որ հայ-ռուսական հարաբերությունները այս ընթացքում բարդացել են, գաղտնիք չէ, ու անձամբ ես դրա մասին հրապարակներից չի, որ պետք է իմանամ։ Այս իրողությունը պետք է ընդունել, և կոնկրետ քայլեր առաջարկել՝ մեր դաշնակցային հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, առավել ևս, որ պարբերաբար նշում ենք, որ մենք դրանցից չենք հրաժարվելու։ Փոխարենը, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու և լուրջ խոսակցությունից խուսափելու տպավորություն էր։
Շատ այլ հարցերում էլ՝ տնտեսական զարգացման մոտեցումներ, ներդրումների ներգրավում, կառավարման արդյունավետության բարձրացում, արտաքին հարաբերություններ, նույն մակերեսային և իրականությունը սվաղող խոսքերն էին։ Նիկոլին լսելով, ես գալիս եմ աստիճանական համոզման, որ այդ թեմաները իր համար բեռ են, և ինքը փորձում է դրանց իրական քննարկումից խուսափել, որովհետև ասելու առանձնապես բան չունի, բայց այդպես անվերջ չի կարող շարունակվել։
Մնացած հարցերին չեմ անդրադառնում, քանի որ չափից դուրս շատ էին, և տարբեր կարևորության։ Սակայն ցանկանում եմ կիսվել նաև հարթակում կանգնած կազմի մասին իմ դիտարկմամբ՝ նեղ կուսակցական, զգալի մասը Նիկոլի թիկունքում թաքնվող, մի մասն էլ արդեն ակնհայտ ձախողումներ արձանագրած մարդկանց խումբ, որն ինձ բավարար վստահություն չի ներշնչում։ Եթե Նիկոլը ցանկանում է գնալ առաջ, ու երկիրը և հրապարակում կանգնած քաղաքացիներին տանել իր ետևից, այս մասին պետք է լուրջ մտածի։ 100 օրը անցան, և հիմա շատ բան ավելի դժվար է դառնալու, հրապարակի ոգևորությունն էլ, որքան էլ հուզիչ և ոգեշնչող, իրական գործ դառնալու համար դեռ երկար ճանփա պետք է անցնի։
Այլապես, բոլորիդ լավ հանգստյան օրեր եմ ցանկանում՝ շաբաթը քաղաքականապես լարված էր, և բոլորը փոքր ինչ լիցքաթափվելու կարիք ունեն»։