Ով Արցախը դուրս թողեց բանակցային սեղանից

Ռոբերտ Քոչարյանը երեկ «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում մի պարզ ճշմարտություն «բացահայտեց»՝ «ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը»: «Եթե դու հրաժարվում ես բանակցել, և ընդհանրապես չկան բանակցություններ, ուրեմն պատերազմը միակ լուծումն է»,- ասաց նա:

Գաղտնիք չէ, որ այսօր բանակցային գործընթացը փակուղում է։ Բայց եթե անգամ այն շարունակվեր նույն ոգով, ինչ նախորդ 20 տարիներին, միևնույն է՝ լիարժեք չէր լինի այն պարզ պատճառով, որ բանակցային սեղանի մոտ Արցախը բացակայում է։ Մինչդեռ, 1994-1995թթ. Հրադադարի պայմանագիրը եռակողմ է, այն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ադրբեջանն ու Հայաստանը, և բոլոր խաղացողները գիտակցում են, որ առանց Ստեփանակերտի, կարգավորումն անհնար է։

Ո՞վ Արցախը հեռացրեց բանակցային սեղանից։ Այս հարցում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեղադրում են Լևոն Տեր-Պետրոսյանին, և հակառակը՝ ՀՀ առաջին նախագահի թիմակիցները՝ Քոչարյանին։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախկինում մի պարզ չափանիշ էր նշել՝ պարզելու, թե ինչու և ում մեղքով է Արցախը դուրս մնացել բանակցային սեղանից. 1994-ից սկսած, երբ որոշվեց, որ Ղարաբաղը նույնպես լիարժեք բանակցող կողմ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բոլոր պաշտոնական առաջարկություններն ուղարկվել են 3 մայրաքաղաք՝ Բաքու, Երևան, Ստեփանակերտ, և ուղարկվել են նախագահներին:

Կարդացեք նաև

«Դա եղել է և՛ 97-ի փուլային տարբերակը, եղել է 1997-ի փաթեթային տարբերակը և դա եղել է 1998-ին ընդհանուր պետության տարբերակը։ Արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ չկար, և ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի օրոք, 98-ին դեռ պաշտոնական առաջարկություններն ուղարկում էին 3 մայրաքաղաք, այսինքն, պաշտոնական փաստաթղթերով ապացուցված է, որ 98-ին դեռ Ղարաբաղի հետ վարվում էին՝ որպես պաշտոնապես բանակցող կողմ»,- ասել էր Զուրաբյանը և նշել, որ Արցախը բանակցային սեղանից դուրս է մնացել Քի Վեսթյան բանակցությունների ժամանակ, երբ ընդհանրապես պաշտոնական առաջարկ չի տրվել Ղարաբաղին, այլ տրվել է միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ մտաբերել, թե ՄԽ համանախագահները ե՞րբ են դադարել իրենց առաջարկներն ուղարկել Ստեփանակերտին։

Նա ընդգծեց, որ Արցախը լրիվությամբ դուրս չի մնացել բանակցային գործընթացից, ավելի ճիշտ է ասել՝ խաղաղության գործընթացից։ Դ.Բաբայանն օրինակ բերեց, որ 2 օր առաջ Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կար, և չեզոք գոտում գտնվող ադրբեջանցու դիակը Կարմիր խաչի միջոցով փոխանցվել է Ադրբեջանին, կամ համանախագահները, երբ գալիս են տարածաշրջան, եթե դա զուտ Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված հարց չէ, անպայման այցելում են նաև Արցախ։

«Պարզապես խեղաթյուրվել է ձևաչափը և այդ գործընթացը սկսվել է 1996 թ., 1998թ. լրիվ ավարտվել, որքան գիտեմ,- ասաց Դ.Բաբայանն ու շարունակեց,- Դա կապված էր նաև Ադրբեջանի քաղաքականության հետ, որը շանտաժի միջոցով փակուղի է մտցրել այդ ժամանակ բանակցային գործընթացը։ Եվ ստիպված, և՛ համանախագահները, և՛ պաշտոնական Երևանը ցուցաբերել են բարձր մարդասիրական մոտեցում, որ ավելի լավ է նույնիսկ խեղաթյուրված ձևաչափով, բայց խաղաղ գործընթաց ընթանա, քան պատերազմ լրիվ կազմով։ Փաստորեն՝ ունենք այն, ինչ ունենք։ Բայց երբևիցե չենք հրաժարվել մեր այդ քաղաքականությունից, որ վերականգնվի լիարժեք ձևաչափը։ Սա այլ խնդիր է և պահանջելու է ժամանակ, մեծ ջանքեր, բայց միևնույն է, այլ տարբերակ պարզապես չկա»։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1997 թ. սկսվեց Ղարաբաղի հակադրման գործընթացը Հայաստանին, երբ քննարկվում էր կարգավորման տարբերակներից մեկը, և հիստերիա բարձրացավ, թե ՀՀ իշխանությունները վաճառում են Ղարաբաղը, որից հետո սկսվեց Հայաստանում հեղաշրջման հիմքերի նախապատրաստման գործընթաց, 1998 թ. այդ հեղաշրջումը տեղի ունեցավ։

«Այդ հեղաշրջման լեգիտիմացման գինը Ղարաբաղի դուրսթողումն էր բանակցային գործընթացի ձևաչափից։ Սա ուղղակի ժամանակագրություն է, և Հայաստանը գլխավորեց Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Ռ.Մեհրաբյանը՝ հաստատելով, որ «դափնիները» պատկանում են Ռ.Քոչարյանին։

Ըստ նրա՝ Ռ.Քոչարյանը սկսեց ղեկավարել Հայաստանը և, քանի որ նա ղարաբաղցի է, սկսեց համարվել, որ «ձեռքի հետ» էլ կներկայացնի Ղարաբաղը։

Քաղաքագետի խոսքով՝ շատ պարզ պատճառով սա ձեռնտու էր նաև միջնորդներին, որովհետև, ըստ իրենց՝ ֆորմատն ավելի պարզեցվում էր և գործընթացն ավելի կհեշտանար.

«Քոչարյանը, փաստորեն, հանուն իշխանության, գնաց նաև դրան»։

Լևոն Տեր-Պետրոսյանի մեղավորությունն այս հարցում, Ռ.Մեհրաբյանի կարծիքով, այն համակարգային բարեփոխումների ընթացքից շեղումն էր, որ սկսվեց 1995 թ. խորհրդարանական ընտրություններից, երբ Հայաստանում առաջին անգամ եղան իրավամբ կեղծված ընտրություններ.

«Բացի դրանից, իշխող ՀՀՇ-ն իր շարքեր թույլ տվեց ներթափանցել այն բոլոր պատեհապաշտներին, որոնք հետո խմբով դարձան սկզբից Երկրապահ, հետո՝ ՀՀԿ-ական, ապա այդ միջավայրից ծնվեցին օլիգարխներ, և այդ նույն կոնտինգենտն էր, որ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի մենիշխանությունը հոկտեմբերի 27-ից հետո։ Ի սկզբանե այդ խաղի նյութական, քաղաքական, կառուցվածքային հիմքերին էր պետք խփել ու չթողնել, որ դա բուծվեր։ Ի վերջո, այդ սխալների շարանը հանգեցրեց այն իրավիճակին, որի առաջ մենք հայտնվեցինք 98-99 թվականներին»։

Անդրադառնալով Քոչարյանի այժմյան պատրաստակամությանը՝ Ղարաբաղյան հարցով առնվազն խորհուրդներ տալ «անփորձ» իշխանություններին, Ռ.Մեհրաբյանը հայտարարեց, որ ամենավերջին բանը, ինչի կարիքն ունի այս իշխանությունը, դա Քոչարյանի խորհուրդներն են Ղարաբաղի հարցի կապակցությամբ.

«Երկրորդ՝ ներկայիս իշխանությունները փորձում են հաղթահարել այն հետևանքները, որ մնացին Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, արտաքին քաղաքականությունից։ Հաջորդը՝ ինչի կարիքը որ վերջինն ունի այս իշխանությունը, դա Քոչարյանի խորհուրդներն են, թե ինչպես պետք է կամ կարելի է ու չի կարելի խոսել Ռուսաստանի հետ, որովհետև այդ կոմպլեմենտարիզմի մասին հեքիաթներն իր օրոք էր ու իր արտգործնախարար Օսկանյանի, որ ընդամենը ծխածածկույթ էր, որի ներքո էլ Հայաստանն ուղղակի մեծ-մեծ կտորներով հանձնվում էր Ռուսաստանին։ Եվ ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ այդ վերաբերմունքը, որ ծավալվել է Ադրբեջանի կոմկուսի պարտկոմների և կոմսոմոլների շարքում, բացարձակապես հետաքրքիր չէ Հայաստանի Հանրապետության համար»։

Տեսանյութեր

Լրահոս