«Ռոբերտ Քոչարյանը փորձում է պաշտպանվել, որովհետև շատ լավ գիտի, թե ինչ է արել Մարտի 1-ին». Վահագն Խաչատրյան
Հարցազրույց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ
– Պարոն Խաչատրյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությանը, ասաց, որ տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա, կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը, ըստ նրա՝ շատ լավ է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ։ Ի՞նչ կասեք երկրորդ նախագահի այս հայտարարության մասին, արդյո՞ք կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ։
– Ըստ էության, այն քաղաքականությունը, որ վարվել է իր ղեկավարած տարիներին, մի նպատակ է ունեցել՝ տնտեսությունը մոնոպոլացնել, տնտեսությունը ոչ թե շուկայական սկզբունքներով աշխատեցնել, ինչպես հայտարարված էր օրենքով, այլ ուղղակի իր անձնական ղեկավարությամբ տնտեսությունն աշխատեցնել, որի հիմնական նպատակն իր և իր շրջապատի հարստացումն էր։ Եվ այն կոռուպցիոն մեխանիզմը, որ զարգացավ վերջին 20 տարիների ընթացքում, սկիզբը հենց իր ժամանակ է դրվել։ Եթե նույնիսկ այսօր տնտեսական քաղաքականություն չի վարվում, ինչպես ինքն է ասում, և միայն կա պայքար կոռուպցիայի դեմ, ինքն էլ է դա ընդունում, դա բավարար է, որպեսզի այս կառավարության՝ տնտեսությանը վերաբերող գործողությունները շատ բարձր գնահատվեն։
Ի վերջո, ցանկացած բարեփոխումների իմաստը հենց կոռուպցիոն գործընթացները վերացնելը, կոռուպցիայի դեմ պայքարն է։ Սա ընդունված է տնտեսագիտության մեջ, և բոլորն էլ այսպես են վերաբերվում, որ, ի վերջո, բոլոր տնտեսական բարեփոխումների 80 %-ը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Սա միայն իմ տեսակետը չէ, սա տնտեսագիտության տեսության մեջ է ամրագրված։
Այսինքն՝ եթե սա է բերվում և նշվում է, որ տնտեսական քաղաքականություն չի վարվում, այդտեղ արդեն մեծ բացթողում կա, և ուղղակի մարդկանց թյուրիմացության մեջ գցելու ցանկություն կա։ Նորից եմ կրկնում՝ եթե կա կոռուպցիայի դեմ պայքար, և դա ընդունվում է նույնիսկ իր կողմից, դա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն արդեն լրջագույն տնտեսական քաղաքականություն է վարում։
– Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներով։ Ինչպե՞ս եք գնահատում նրա վարած տնտեսական քաղաքականությունը։
– Ինչ վերաբերում է իր ժամանակաշրջանի այդ թվերին, որոնց մասին անընդհատ խոսում է, փորձում է ներկայանալ, չմոռանանք, թե դա ինչի հաշվին է տեղի ունեցել, և, ի վերջո, իր տնտեսական քաղաքականության արդյունքում 2008թ. ճգնաժամին Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունն ուղղակի չդիմացավ. աշխարհում երրորդ անկումն ենք ունեցել 14.7%-ով։ Նրա ամբողջ քաղաքականությունը մի նպատակ էր հետապնդում՝ շինարարություն, իսկ Հայաստանի արտահանումը մահացավ այդ ժամանակաշրջանում, որովհետև արժույթի արհեստական արժեվորում տեղի ունեցավ։ Նաև առևտրական բալանսի խնդիր առաջացավ, երբ ներմուծումն արտահանումից մոտ 2-2.5 անգամ ավելի մեծ էր։
Մի ճշմարտություն կա, որ ամենակարևորն է, և այդ տնտեսական թվերը թող պահեն։ Իրականում շատ ավելի վատ բան տեղի ունեցավ այդ տարիներին, այն, ինչ հետագայում ամրապնդվեց, և ականատես եղանք, թե ինչ տնտեսություն ունենք։ Խոսքը վերաբերում է օրենքի շրջանցմանը, սահմանադրական նորմերի շրջանցմանը։ Որ այդպես խոսում է՝ թող հիշի, որ սահմանադրական նորմի խախտումն անձամբ իր կողմից է տեղի ունեցել, երբ 1998թ. հունիսին պետք է հրավիրվեր արտահերթ նստաշրջան, որտեղ պետք է քննարկվեր իրեն շատ հետաքրքրող սեփականաշնորհման գործընթացի կասեցման հարցը։
Խոսքը վերաբերում է այսօրվա «Մարիոթ Արմենիա» հյուրանոցը, կոնյակի գործարանը և բջջային կապի առաջին օպերատորին մասնավորեցնելու գործընթացին։ Որպես երկրի ղեկավար՝ այդ ժամանակ պարտավոր էր ուղղակի, առանց որևէ քննարկումների, այլ քայլեր անելու՝ նշանակել արտահերթ նստաշրջան, դա սահմանադրական նորմ էր, և դա չարեց։ Հետագայում Սահմանադրությունը խախտելով ապրելը դարձավ նորմ, ու այդ ամենի արդյունքում եղավ Մարտի 1-ը։
Տնտեսական կյանում ինչ տեղի է ունեցել այդ ժամանակաշրջանում, որով փորձում են ներկայացնել, թե հաջողություններն այդ ժամանակաշրջանով են պայմանավորված, կապված է եղել միայն Հայաստանը շինհրապարակ դարձնելու հետ։
– Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ իր կառավարման շրջանում մոնոպոլիաներ չեն եղել, միայն բնական մոնոպոլիաներ են եղել, նաև ասաց, որ, եթե կան փաստեր, թե իր շրջանում որևէ ոլորտում մենաշնորհներ են եղել, թող ներկայացնեն։ Նշեց, որ նույնիսկ բանանի և դիզվառելիքի ոլորտում եղել են մեկ տասնյակից ավելի ներկրողներ։ Այս մասին ի՞նչ կասեք։
– Նորից թյուրիմացության մեջ է գցում. եթե ասում է, որ ներկրողները շատ են եղել, թող նաև ասի, թե ում կողմից էր դա ղեկավարվում։ Նույն բանանի մասին երբ խոսում է, թող ասի՝ դրանք ինչ ընկերություններ էին։ Ես հիմա նույնիսկ չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ, եթե իրեն հարմար է այդպես ներկայանալ, թող ներկայանա։ Փաստը մնում է փաստ, որը ՀՀ-ում այսօրվա օլիգարխիկ տնտեսության, կոռուպցիոն համակարգի հիմնադիրը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա կուզի՝ ինչ-որ ուրիշ մեկնաբանություններ կտա, կուզի՝ չի տա, իրականությունը սա է։ Ամեն ինչ կարելի է վերհանել, թե ինչպես է տեղի ունեցել իր շրջանում բոլոր խոշոր մասնավորեցման գործընթացները։ Ինքը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել, այդ ամենը վերագրել մինչև 1998թ., և կառավարման մասին խոսելիս ասում է, որ փորձված մարդիկ պետք է բերել. իր ժամանակվա փորձված մարդիկ գան, որ կոռուպցիոն գործընթացները նորից սկսվե՞ն։ Այսօրվա ամենաարատավոր երևույթները ծիլերը գցել, աճել և ամրապնդվել են հենց իր կառավարման ժամանակաշրջանում, իսկ հետագայում ուղղակի հաջողությամբ շարունակվել են, ինքն էլ հետագա գործընթացներից հեռու չի մնացել։
– Երկրորդ նախագահը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն. իր շանսերն ինչպե՞ս կգնահատեք, եթե ընտրություններին մասնակցի, ո՞վ է լինելու նրա ընտրողը։
– Ինքն այլ տարբերակ չունի. այսօրվա վիճակում որ հայտնվել է, միայն նման քայլ պետք է անի։ Դա ավելի շատ շանտաժ է մեզ համար։ Ուզում է՝ թող վերադառնա, ո՞ւմ է խանգարում, այսօրվա պայմաններում, առավել ևս որևէ մեկը որևէ մեկի՝ օրենքի շրջանակներում գործողություններին չի կարող խոչընդոտել։ Ինչո՞ւ է մեծ ներկայացում սարքում. ուղղակի կայանալու և իր շրջապատին մեսիջներ ուղարկելու խնդիր է, որով փորձում է այսօր պաշտպանվել, որովհետև ինքը շատ լավ գիտի, թե ինչ է արել Մարտի 1-ին, ինքը շատ լավ գիտի, որ այդ հրամանները տրվել են իր կողմից։ Նույնիսկ այսօր «միակ տղամարդ» լինելու հանգամանքը թող օգտագործի և խոստովանի, որ ինքն է դա արել, էլ չփորձի ասել, որ տեղյակ չէ 0038 հրամանից, չգիտի՝ ինչ է կատարվել։
– Քանի որ Մարտի 1-ից խոսեցիք, կասե՞ք՝ Վճռաբեկ դատարանից ի՞նչ եք ակնկալում։
– Ես համոզված եմ, որ, ի վերջո, Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտվելու է, համոզված եմ, որ այսօրվա կառավարությունը դա անելու է, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հասնելու է դրան։ Հիմա մեր դատական համակարգում մենք ունենք լրջագույն պրոբլեմ՝ նույն Ռոբերտ Քոչարյանն է այդ դատական համակարգը ստեղծել, որի հիմնական դերը եղել է քաղաքական պատվերներ կատարելը։ Այս դատական համակարգն այդ տարիներին շատ հաջողությամբ այդ քաղաքական պատվերները կատարել է, և՛ 1998թ. ընտրությունների հետ կապված, և՛ 2003թ. ընտրությունների հետ կապված, և՛ 2004թ. ապրիլի 12-ի միջադեպերի հետ կապված, և՛ 2008թ. դեպքերի հետ կապված։ Այդ դատավորների ընտրությունը չի կատարվել իրենց գիտելիքների կամ փորձի հիման վրա, այլ ուղղակի նրանք խոստումներ են տվել, որ քաղաքական պատվերները կկատարվեն այն ձևով, ինչ ձևով կհրահանգի իշխանությունը, կամ այս դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր ադմինիստրացիան։
Հիմա, այս դեպքում մենք ունենք երրորդ իշխանություն՝ հանձինս դատական համակարգի, որի վրա, իմիջիայլոց, ճնշում չկա գործադիր իշխանության կողմից, ինչը նախկինում շատ սովորական պրակտիկա է եղել։ Եվ հիմա դրա մաս կազմող Վճռաբեկ դատարանը պետք է իր որոշումը կայացնի։
Ես մեծ սպասելիքներ չունեմ՝ օբյեկտիվության առումով, բայց ակնկալիքներ ունեմ, որ այն փաստերը, որոնք ներկայացվել են Մարտի 1-ի հետ կապված, նորից կամրապնդվեն, այդ մարդկանց մտածելու տեղիք կտան, որպեսզի որոշում ընդունելիս այս հնարավորությունն օգտագործեն, այսինքն՝ դատական համակարգի հեղինակությունը բարձրացնելու առումով։
Իսկ առհասարակ, դատական համակարգից պետք է բոլորին ազատել աշխատանքից և նոր կադրերով համալրել, որովհետև համակարգը բոլորին այդպես է ընդունել, բոլորը մինչև դատավոր դառնալն անցել են ամենաստորացուցիչ ճանապարհներով, ենթարկվել երկու ժամանակաշրջանի երկրի ղեկավարների աշխատակազմին, կատարել նրանց քաղաքական հրահանգները։
Մենք հասարակության, ինքներս մեր մեջ էլ ունենք այդ խնդիրը. մեզ 20 տարի շարունակ դարձրել են այս համակարգի ստրուկը և ենթարկել համակարգի կանոններին։ Մենք, ուզենք թե չուզենք՝ բոլորս այդ սիստեմի հետ աշխատել ենք, ու հիմա մեր հասարակությունը, մենք բոլորս շատ դժվար ենք փոխվում։
Երբ կարիք ունենք պետական իշխանության ծառայություններից օգտվելու, պետք է իմանանք, որ դրա համար կաշառք պետք չի տալ, կոռուպցիոն գործընթացների մեջ չպետք է լինենք։ Գործարարներն էլ արդեն երևի համոզվել են, որ իրենք էլ ազատ գործելու հնարավորություն ունեն, բայց չեն հասկանում՝ դա իրականություն է, թե ոչ, բայց իրականություն է։
– Պարոն Խաչատրյան, այսինքն՝ Դուք հավատում եք, որ այս իշխանությունները կբացահայտեն Մարտի 1-ը, բայց հույսեր չե՞ք կապում դատական համակարգի հետ։
– Ընդհանուր առմամբ, դատական համակարգը, որպեսզի կարողանա բավարարել այն պահանջներին, որոնք այսօրվա կառավարությունը դրել է և՛ իր, և՛ բոլորիս առջև, այսինքն՝ կոռուպցիայից դուրս գործել, այս շրջանակներում ես մեծ վերապահում ունեմ, որ դատական համակարգը կարող է աշխատել։ Բայց Մարտի 1-ն այլ խնդիր է, առանձին դատավորների խնդիր չէ, սա հանրապետության զարգացման, հետագայում հասարակության մեջ հանգստություն ապահովելու լավագույն հնարավորությունն է, որը պետք է այդ նույն դատավորներին, ովքեր այդ հարցը քննել են, հասցնել։ Եվ այստեղ ակնկալիք ունեմ, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումը կայացնելուց առաջ կմտածի, գոնե այդքանը։ Բայց չեմ կարող ասել, որ 100 տոկոս հավատում եմ։