«Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. Վճռաբեկ դատարանը պետք է բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը». Պարգև Օհանյան

Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը՝ այս մասին ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը։

«1995թ. Սահմանադրության անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա մտցվեց 2005թ. և նույնությամբ պահպանվեց 2015թ.։ Ընդ որում՝ 1995թ. էլ, հիմա էլ կա նորմ, որ հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել։ Այսինքն՝ ոչ մի պարագայում չես կարող պաշտոնանկ անել նախագահին, եթե չկա դատարանի ուժի մեջ մտած օրինական դատավճիռ։ Բայց որպեսզի պաշտոնանկ արվի, պետք է դատապարտվի, այս տրամաբանությամբ հանրապետության նախագահը չի կարող անձեռնմխելիություն ունենալ»,- ասաց նա։

Պարգև Օհանյանի խոսքով՝ հանրապետության նախագահը կարող է կարգադրություններ և հրամանագրեր  հրապարակել, որոնք չպետք է հակասեն Սահմանադրությանը. «Գործողությունները կբխեին կարգավիճակից, եթե բխեին օրենքից, կարգավիճակով իրեն վերապահված լիազորություններից, այլ կերպ չի կարող լինել։ Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի։ Այնպես որ, խոսել անձեռմխելիությունից, իհարկե, հիմնավոր չէ»։

Հետևաբար, նախկին դատավորը նաև անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի որոշումը. թեպետ հիմնավորմանը նա չի ծանոթացել, բայց կարծում է՝ միանշանակ այդպես է, չի կարող անձը լինել բացարձակ անձեռնմխելի՝ այդպիսի նախադեպ, այդպիսի ինստիտուտ չկա, բացի դրանից՝ կարգավիճակից գործողություն չի բխում, գործողությունները բխում են իրավասություններից։

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի և Վերաքննիչ դատարանի նախագահի՝ միմյանց հասցեին հնչեցված տարբեր արտահայտություններին, Օհանյանն ասաց, որ թեպետ երևույթը լավը չէ, բայց դա էլ կարելի է համարել հետհեղափոխական ընթացք, որը կհղկվի.

«Ասել, որ դատարանի որոշումն ապօրինի է, կոռեկտ չէ, մյուս կողմից էլ՝ չի կարելի ասել, որ հայտարարությունն անգրագետ է. մենք պետք է սովորենք կոռեկտություն, էթիկայի կանոններ և այլն, բայց ես այստեղ իրավական իմաստով վատ բան չեմ տեսնում. որքան նորմալ է, ժողովրդավարական է, իրավական է, որ անգամ հանրապետության նախագահը կարող է կալանավորել, այնքան էլ այն, որ Վերաքննիչ դատարանը կարող է այլ կարծիք ունենալ: Ես համոզված եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը. կարող է՝ բեկանի, նոր քննության ուղարկի, կարող է և ուժի մեջ թողնի առաջին ատյանի որոշումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս